Հայկական սպորտային ակումբների ստեղծումը
«Մարմնամարզի» կարևոր առաքելություններից էր հայկական սպորտային ակումբների ստեղծումը: Շավարշ Քրիսյանը, ինքը լինելով մարզիկ և մարմնամարզության ուսուցիչ, խիստ կարևորում էր այդ գործը: Հայկական ակումբների կայացումը, ըստ նրա, առաջնային էր նաև զինվորագրության և ռազմական ծառայությունը հաջողությամբ կատարելու համար: Այդ նպատակով թերթի 1911թ. փետրվարի համարում հրապարակում է հատուկ կոչ և ուղեցույց, որի նպատակն էր աջակցել մարզական ակումբների ստեղծմանը:
«Մեր նպատակներից մեկն է աջակից ըլլալ, որպեսզի Հայ երիտասարդությունը ամեն թաղերու, գյուղերու, քաղաքներու մեր մարմնամարզական ակումբներ բանա, մրցումներ կազմակերպե, մարմնակրթության մղում տա նախ պատրաստվելու համար խստամբեր կյանքի մը՝ զինվորագրության, որ իր կյանքին լավագույն տարիներեն մեկ քանին պիտի գրավե»,– գրում էր Քրիսյանը:
Ակումբներ ստեղծելու համար նա խորհուրդ էր տալիս երիտասարդներին համախմբել սպորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցողներին, հասկանալ դրա կարևորությունը, հայթայթել անհրաժեշտ նյութեր և սկսել մարզումները:
Այնուհետև հարկ էր կազմակերպել ակումբային մրցույթներ և հաղթողներին ուղարկել մասնակցելու Կ.Պոլսի և շրջակա բնակավայրերի խաղերին: Իր հերթին խմբագրությունը ստանձնում էր հնարավորինս օժանդակել մարզիկներին: «Առաջին և երկրորդ ելլողները վարձատրել խմբագրությանս կողմե հայթայթված ոսկի և արծաթ մեդալներով, իսկ առաջին ելլողին՝ միջոց տալ Միջազգային Ողիմպիական խաղերու մասնակցելու և Հայ ազգին պատիվը բարձր բռնելու»: Միաժամանակ «Մարմնամարզը» հրավիրում էր Թուրքիայի բոլոր մարմնամարզական ակումբներին իրենց մասին տեղեկություններ հաղորդել խմբագրությանը՝ թերթում նրանց մասին հաղորդելու համար:
Պոլսո մեջ մարմնամարզական հազիվ թե մեկ քանի ակումբներ գոյություն ունին: Այդ սակավաթիվ ակումբներուն մեջ լավագույն տեղը կգրավե Ֆութպոլի հայկական Տորք ակումբը, զոր կներկայացնե վերի լուսանկարը: