Բռնցքամարտ

Հին Հայաստանում բռնցքամարտ մարտարվեստն ունեցել է տարբեր անվանումներ. բռնցքակռիվ, կռփամարտ, բռնամարտ, ձեռնամարտ, բազկամարտ և կարևոր տեղ է գրավել ֆիզիկական դաստիարակության մեջ:

Կռփամարտ բառը կազմված է կռուփ (բռունցք) և մարտ արմատներից և հաճախ է հանդիպում հայ հին գրական ստեղծագործություններում:

Բռնցքամարտի նպատակն է բռունցքված ձեռքերով հարվածներ հասցնել հակառակորդի դեմքին և իրանին ու պարտության մատնել նրան: Մեզ հայտնի է թե անհատական, թե խմբերով բռնցքամարտի օրինակներ: Բռնցքամարտում կիրառվում են տարբեր կանգնվածքներ՝ աջ, ձախ, ցածր, բարձր, որի նպատակն է հնարավորինս հարմար դիրք զբաղեցնել պաշտպանության և հակագրոհի համար: Հարվածները հասցվում էին դեմքին և իրանին, ինչի հետևանքով մարտից հետո վերքեր էին առաջանում բռնցքամարտիկի դեմքին, քունքին, ականջներին, քթին:

Կռփամարտի մրցումներն հաճախ ծանր հետևանքներ էին ունենում մարզիկների համար՝ նրանք ստանում էին կոտրվածքներ, մարմնական վնասվածքներ, երբեմն նաև պայքարը մահացու ելք էր ունենում: Վարդան Հացունին իր «Դաստիարակութիւնը հին հայոց քով» (Վենետիկ–Ս. Ղազար, 1923թ.) ուսումնասիրությունում այսպես է նկարագրում կռփամարտիկների պայքարը.

 «Մերկ էին անոնք, կօծվեին յուղով: Հունաց քով ծանոթ են այն ծանր վնասները՝ զորս կհասցնեին իրարու, և երբեմն կմռնեին կռվանոցած մեջ կամ մարտեն վերջ՝ իրենց առած վերքերեն: Սույն սաստկությունը և հետևանքը նկատեցինք նաև հայոց մեջ: Մարմնո բոլոր մասերն ալ ազատ չէին վնասե. Ականջները պատռտած այլանդակված, ճակատը, այտերը, աչքերը և քիթը խեղված հարվածոց ներքև, ծնոտը խորտակված, ատամները թոթափած, վերքեր քունքին, բազկաց, կրծոց, կշտին, թիկանց վրա, և ամեն կողմ, անվրեպ արյուն պիտի հոսեր կռվանոցին մեջ»: (էջ 348-349)

Հայերը կիրառում էին չորս տեսակի հարվածներ՝ ուղիղ, ցածից, կողքից և վերևից: Մարզվելիս միմյանց ծանր վնասվածքներ չհասցնելու նպատակով, ձեռքերի վրա կրում էին կաշվից կամ կտորից ծածկոցներ, մարմինն ու ձեռքերն օծում էին հատուկ յուղերով, որպեսզի հարվածները սահեն և ծանր վնասվածքներ չհասցնեն:

Հարվածներից պաշտպանվելու համար մարզիկը ձեռքերը վահանի նման հակառակորդի հարվածի դիմաց էր պահում, արմունկով կամ նախաբազուկով կողք կամ վեր էր հրում մրցակցի հարվածող ձեռքը, ինչպես նաև՝ ձեռքերով ծածկում էր դեմքն ու մարմինը:

Պաշտպանության միջոցներից էր հակառակորդի հարվածներից խուսափելը՝ մարմինը դեպի կողք, ետ կամ ներքև թեքելով («սուզվելով») և կքանստելով:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *