Ռաունդներ չեմպիոնի կյանքից
Անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ այս հարցազրույցը հրապարակվել է «Սոբեսեդնիկ» թերթում, որի հայերեն թարգմանությունը արտատպվել է «Սովետական Հայաստան» ամսագրում:
Վերջերս Բուդապեշտում կայացած մայրցամաքի առաջնությունում նրա հետ մենամարտերում անզոր էին անգամ ձեռնոցի ճանաչված վարպետները: Ինչո՞ւ: Այդ մասին պատմում է ինքը՝ մինչ 67 կգ քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբքոխյանը:
Առաջին ռաունդ
Մոսկվա—Բուդապեշտ ինքնաթիռում մեր նստելատեղերը միմյանց կողքի էին: Խոստովանում եմ, այդ բարձրահասակ, շատ աշխույժ երիտասարդի մեջ ես բռնցքամարտիկ չտեսա: Սովորական զբոսաշրջիկ թվաց: Մոլորությանը վերջ դրեց երկրի հավաքականի ավագ մարզիչ Արտյոմ Լավրովը:
– Ծանոթացեք: Իսրայել Հակոբքոխյանն է: Հավատում ենք նրա հաղթանակին, թեև հավաքականում նորեկ է:
Մարզիչը մի կողմ քաշվեց, իսկ իմ ուղեկիցը միայն քմծիծաղեց.
– Ես ի՞նչ նորեկ եմ: Գրեթե յոթ տարի է հավաքականում եմ: Ավելի շուտ անհաջողակ եմ: Բռնցքամարտում եմ, բռնցքամարտում, իսկ խոշոր հաջողության ոչ մի կերպ չեմ կարողանում հասնել: Մի անգամ չէ, որ ուզեցել եմ բռնցքամարտը թողնել:
– Իսկ ինչո՞ւ եք շարունակում հանդես գալ:
– Իսկ մայրս ի՞նչ կասի: Նա իմ գլխավոր մարզիչն ու մարզասերն է: Կասի, որ կես ճանապարհին լքեցի այն գործը, որին այդքան շատ ժամանակ եմ նվիրել: Ոչ, սկզբում կդառնամ Եվրոպայի չեմպիոն:
– Իսրայել, մարզաձևը, որով դուք պարապում եք, շատերի սրտով չէ: Այն երբեմն կոպիտ են համարում, գտնում են, որ գլխավորը հակառակորդին առավել ուժեղ հարվածելն է…
– Մի՞թե բռնցքամարտում գլխավորը նոկաուտն է: Չէ՞ որ այդ դեպքում այն կնմանվի սովորական կռվի: Իմ կարծիքով բռնցքամարտը խաղ է: Եվ ինչպես ամեն մի խաղում, այստեղ կարևորը խորամանկելն է, հակառակորդին կանխելը: Հաջողվեց, դու հաղթել ես, ո՞չ՝ մրցավարները հաղթանակը կտան խաղընկերոջդ: Բռնցքամարտն ազնիվ է: Նրանում ամեն ինչ աչքի առաջ է, չես խաբի: Չի կարելի հարվածել ընկած հակառակորդին, ոտք գցել: Միայն քո վարպետությունն արժեք ունի: Մի՞թե սա գոնե մի փոքր նման է տուրուդմփոցի:
– Ձեզ ի՞նչը բերեց բռնցքամարտ:
– Պարը: Սիրում էի պարել: Բայց գեղեցիկ աղջկա հետ բոլորն էին ցանկանում պարել: Եվ մենք՝ տղաներս, ասպետական մրցաշարերի նման ինչ-որ մի բան էինք կազմակերպում: Ով հաղթում էր, նա էլ իր համար ավելի գեղեցիկ ընկերուհի էր ընտրում: Ես նիհարավուն էի, անշնորհք: Համարյա միշտ պարտվողի դերում էի հայտնվում: Ահա և գնացի բռնցքամարտի խմբակ:
– Պատահե՞լ է, արդյոք, որ փողոցում կիրառեք այն հնարքները, որոնց դուք տիրապետել եք ռինգում:
– Ո՛չ: Մարդուն խփելը ստորություն է: Բայց եթե իմ ներկայությամբ, օրինակի համար, խուլիգանները կին հետապնդեն, նրանց վրա դա շատ թանկ կնստի:
– Մայրցամաքի չեմպիոնի կոչումը դուք պիտի վիճարկեք առաջին անգամ: Նախկինում Ձեզ ի՞նչն էր խանգարում դառնալ երկրի հավաքականի առաջին համարը:
– Ոչ թե ինչը, այլ՝ ով: Ամբողջ ժամանակ ճանապարհս կտրում էր Սերիկ Կոնակբաևը: Հիանալի մարզիկ է: Ես նրա հետ բռնցքամարտել եմ չորս անգամ և երեք անգամ պարտվել եմ: Իսկ չէ՞ որ ես անց եմ կացրել համարյա երկու հարյուր մարտ, զիջել եմ միայն տասնմեկում: Բայց ես նրան շատ բանով եմ պարտական: Երբեմն պարտությունը հաղթանակից օգտակար է: Շատ բանի մասին է ստիպում խորհել, շատ բան վերանայել:
– Ինչպե՞ս եք մտադիր հանդես գալ բուդապեշտյան ռինգում:
– Բռնցքամարտում դժվար է որևէ բան գուշակել: Նույնիսկ ամենաթույլ հակառակորդը կարող է հանկարծակի ուժեղ հարվածել… Բայց, իհարկե, երազում եմ հաղթանակի մասին: Տարիները անցնում են, և եթե այստեղ չեմպիոն չդառնամ, ապա երևի չեմ դառնա արդեն երբեք:
Երկրորդ ռաունդ
Սիրողական բռնցքամարտի եվրոպական ընկերության նախագահ Բեռնար Ռեստուն ցույց տալով ռինգը, ֆրանսիացիներին հատուկ խանդավառությամբ բացականչում էր.
– Դուք միայն նայե՜ք, դա ոչ թե բռնցքամարտ է, այլ պար: Բռնցքամարտի ապագան պատկանում է այդպիսիներին, ինչպիսին այդ Հակոբքոխյանն է:
Իսկ ռինգում, իսկապես, ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում: Ֆինն Նիմանը՝ Օլիմպիադա—84-ի բրոնզե մրցանակակիրը, բացահայտ շփոթության մեջ էր: Նրա հարվածներից յուրաքանչյուրը դիպչում էր դատարկությանը: Իսկ Հակոբքոխյանը ոչ ուժեղ, բայց ճշգրիտ հարվածներով միավորներ էր հավաքում: Ծափահարությունների որոտից գոնգը չէր լսվում: Մրցավարները միաձայն Հակոբքոխյանին հաղթող ճանաչեցին: Եվ այսպես, երանզանքը իրականացավ:
– Այո,— պատասխանեց երջանիկ չեմպիոնը:— Միայն թե համբերեք: Նախ վազեմ Երևան զանգահարեմ, մորս հանգստացնեմ, նա շատ է հուզվում:
Մի քանի րոպե հետո զրույցը շարունակվեց:
– Իսրայել, տպավորություն էր ստեղծվում, որ եթե ձեր հարվածները քիչ ավելի ուժեղ լինեին, բոլոր հակառակորդները Բուդապեշտում կհայտնվեին եթե ոչ նոկաուտում, ապա նոկդաունի մեջ…
– Իմ առջև այդպիսի խնդիր չեմ դնում: Խորամանկել, հաղթել խաղով, դա մարտում հաղթելու համար բավական է: Միայն մի անգամ եմ հակառակորդին ստիպել պառկել հատակին: Եվ դա էլ, ավելի շուտ, պատահաբար:
– Իսկ դուք ենթարկվե՞լ եք նոկաուտի:
– Ոչ մի անգամ: Իսկ ահա, նոկդաուններ ութ հատ եղել են: Բայց այդ բոլոր մարտերում ես, ի միջի այլոց, հաղթել եմ: Հավանաբար նոկդաունից հետո ավելի եմ կենտրոնացել, դարձել մի փոքր ավելի չար: Մի անգամ, մարտերից մեկում մրցավարը երկու անգամ ինձ համար «հաշիվ բաց արեց»: Դա երկրի առաջնությունում Օլեգ Կոզելսկու հետ հանդիպման ժամանակ էր: Բայց և այնպես, այստեղ էլ ինձ հաջողվեց հաղթանակ տանել:
– Չեմպիոն դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք: Հավանաբար դուք էլ երբեմն ստիպված եք եղել բռնցքամարտել, ինչպես ասում են, ատամները սեղմած…
– Բռնցքամարտիկի համար ամենածանրը ձեռքի վնասվածքն է: Հարկ է եղել երկար բուժվել, ամեն մի հարված ցավ է արձագանքում: Հետո հաղթահարում ես ցավը, հաղթահարում ես ինքդ քեզ…
Երրորդ ռաունդ
Իսրայել Հակոբքոխյանը մայրցամաքի հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկությանը և դարձավ աշխարհի գավաթակիր:
Վ. ԻՎԱՆՈՎ
«Սովետական Հայաստան», 1985թ.