Հայկական առաջին օլիմպիական խաղերի նախապատրաստումը Կ.Պոլսում

Ինչպես արդեն նշել ենք, Կ.Պոլսում լույս տեսնող «Մարմնամարզ» ամսաթերթի հիմնական նպատակներն էր խրախուսել սպորտի և մարմնակրթության զարգացումը հայերի շրջանում: Այդ գործին էր լծված թերթի գրեթե ողջ անձնակազմը՝ գլխավոր խմբագիր Շավարշ Քրիսյանի գլխավորությամբ: Նա ցանկանում էր նաև կազմակերպել և անցկացնել համահայկական սպորտային մրցումներ: Տևական ջանքերից և կազմակերպչական աշխատանքներից հետո նրա այդ ցանկությունն իրականություն է դառնում, և թերթի 1911թ. ապրիլյան համարում կարդում ենք համահայկական օլիմպիական խաղրի անցկացման հրավերն ու կարգը:

«Մեզ համար անհուն երջանկություն մըն է տեսնել, Պոլիս թե գավառ, կամ Հայկական գաղութներու մեջ, երիտասարդներ, որոնք սկսած են շարժիլ, խմբվիլ, մոտենալ, ձեռք կարկառել իրարու, զբաղիլ իրենց մարմինով՝ ապացուցանելով, թե Հայն ալ ունի կամք, Հայն ալ ունի դնդերներ, Հայն ալ կրնա առողջ ու կայտառ ապրիլ»,- ոգևորությամբ գրված է թերթի խմբագրականում:

Մարտիրոս Գույումջյանը (Ռոբերտ քոլեջ) ձողով ցատկելու պահին

Մարտիրոս Գույումջյանը (Ռոբերտ քոլեջ) ձողով ցատկելու պահին

Քրիսյանը նշում է, որ եթե նախկինում կար արհամարհական ու անտարբեր վերաբերմունք սեփական մարմնի ու ֆիզիկական ուժի նկատմամբ և հայ երիտասարդները ուշադրություն էին դարձնում միմիայն իրենց արտաքին տեսքին, ապա այժմ ստեղծվել են մի շարք մարզական ակումբներ և մեծացել է ուշադրությունը մարմնակրթության նկատմամբ:

Նորաստեղծ հայկական ակումբներն իրենց համաձայնությունն էին տվել 1911թ. մայիսին համահայկական խաղեր անցկացնելու թերթի նախաձեռնությանը, իսկ խաղերի բացումը նշանակված էր մայիսի առաջին օրը:

«Ու թող, Մայիս մեկի այդ մրցահանդեսը, հիմնաքարը ըլլա Հայ Մարմնամարզական Ընդհանուր Միության, որ պարբերաբար հասարակության ցույց տար հայ ջիղն ու մկանը, հայ ուժն ու կորովը: …Ու թող մեկ կողմ քաշվեին անխնամ և կմախքե կուրծքերը, ծույլ ու ոսկրացած ամեն բազուկ, վատուժ մարմինները, որովհետև նոր սերունդն է, որ պիտի գա՝ բաբախուն ու լիաշունչ կուրծքով, կյանքի պայքարին դիմադրող բազուկներով»:

1911թ. ապրիլի 8-ին «Մարմնամարզի» խմբագրությունում հավաքվում են Կ.Պոլսի հայկական մարզական ակումբների ու միությունների ներկայացուցիչները և քննարկում մրցույթի անցկացման օրն ու պայմանները: Հանդիպմանը մասնակցում էր Պեշիկթաշի Ահարոնյան ակումբը, Գումգափուի Ասպարեզ լսարանը, Բերայի Արաքս ակումբը, Բերայի Դաշնակցական ակումբը, Բերայի Եսայան Սանուց միությունը, Սամաթիայի Ժողովուրդ լսարանը, Գատըգյուղի Ժողովրդական ակումբը, Թոփգափուի Կուկունյան լսարանը, Գատըգյուղի Հայ ակումբը, Բերայի Հայ երիտասարդաց Միությունը, Շիշլիի Հայ Երկսեռ միությունը, Ռոբերտ քոլեջի հայ ուսանողությունը, Գատըգյուղի Մասյաց ակումբը, Գուրուչեչմեկի Մարմնամարզական Արտավազդ ակումբը, Սկյուտարի Առաջադիմական միությունը, Ուսանողական ինքնազարգացողական միությունը, Սկյուտարի Րաֆֆի միությունը և Գումգափուի Տորք ակումբը:

Ինչպես տեսնում ենք հանդիպմանը մասնակցում են տարբեր հասարակական-քաղաքական ուղղությունների ու կուսակցությունների մարմնակրթական կազմակերպությունները, և միաձայն որոշում են, որ մրցույթը պետք է կոչվի Հայկական առաջին օլիմպիական խաղեր: Ստեղծվում է նաև կազմակերպչական մարմին, որի կազմում ընդգրկվում են Արամ Գալենտերը, Գևորգ Թերճիմանյանը, Եղիշե Քաջունին, Լևոն Հակոբյանը, Շավարշ Քրիսյանը, Մարտիրոս Գույումճյանը և Հովհաննես Սավայանը: Մրցույթը որոշվում է անցկացնել Գատըգյուղի «Յունիոն Քլուպի» դաշտավայրում:

Համաձայն խաղերի կանոնակյարգի՝ բացի ակումբներից մրցումներին կարող էին մասնակցել նաև անհատներ, որոնց համար համազգեստը պարտադիր չէր՝ պետք է լինեին կարճ տաբատով և մարզաշապիկով (ֆլանել): Ակումբները, սակայն, պետք է ունենային միանման մարզահագուստ: Անհատները կարող էին մասնակցել առավելագույնը երեք մրցատեսակի: Պարանի ձգման մրցույթում յուրաքանչյուր ակումբից պետք է մասնակցեր 7-ական, իսկ վազքի մրցույթին՝ 4-ական ներկայացուցիչ: Դատավորների խմբի (իրավարար մասնախումբ, track-judges) որոշումները վերջնական էին և քննարկման ենթակա չէին:

Հավաքի ժամանակ սահմանվում են մարզաձևերը: Դրանք էին.

Հարյուր յարտա վազել (hundred yards dash): Մեկ յարդը հավասար է 0.9144 մ-ի:
Երեք օխանոց երկաթ գունտ նետել (Shot put): Օխա-ն թուրքական չափման միավոր է և հավասար է 1282 գր:
Հարյուր յարտա վազել 14-ից տարեկանե վար մանուկներու համար:
Բարձր ցատկել (high jump):
Կես մղոն վազել (half mile): Մեկ մղոնը հավասար է 1.6 կմ-ի:
Սկավառակ նետել (duscus):
Քառորդ մղոն վազել (daurter mile):
Արգելքներու վրայե ցատկել (hurdle race):
Ձողով ցատկել (pole vault):
Երկայնություն ցատկել (broad jump):
Ակումբերու միջև չվան քաշել (tug of war, պարանի ձգում):
Մեկ մղոն վազել (One mile):
Հեծելանիվի մրցում (bicycle):
Արգելքներու տակեն վազել (Obstacle race):
Ակումբներու միջև վազելու մրցում (Relays):
Ֆութպոլ (foot ball)

 

Առաջին տեղը զբաղեցնող մարզիկները պարգևատրվելու էին արծաթե, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ պղնձե մեդալով: Հաղթանակած ակումբերը ստանալու էին արծաթե բաժակներ:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *