Լևոն Ահարոնեան. Մանկությանս խաղերը
Մանկական խաղերը շատ տարածված են եղել հայկական գրեթե բոլոր շրջաններում: Այդ խաղերն ունեն որոշակի նմանություններ, սակայն, կախված բնակավայրից, նաև տարբերվում էին: Բակային այդ խաղերը ոչ միայն ժամանց և ուրախություն էին պարգևում հայ մանուկներին, այլև մարզում էին նրանց, ճարպիկ դարձնում և ֆիզիկապես ամրացնում: Խաղերի նկարագրություններ ինչպես ազգագրական ուսումնասիրություններում, այնպես էլ հայ մտավորականների ստեղծագործություններում և հուշերում:
Լևով Ահարոնյանը (ծնվել է 1930, Իրանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղում) իրանահայ հասարակական-քաղաքական գործիչ է, ով վերջերս հրատարակել է իր հուշերը: Նա «Փոթորկոտ կեանքիս օրերը» հուշագրությունում (Գիրք Ա, Թեհրան, 2010) նկարագրել է նաև իրենց մանկական խաղերը, որոնք սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Մեր խաղերից մեկը կոչվում էր «լախտ»: Դա մի խաղ էր, որի մեջ մեծ դեր էր կատարում ճկունությունը: Մի հոգի, գոտին ձեռքին, կանգնում էր մի բոլորաձև տարածքում: Նրա պարտականությունն այդ տարածքը պաշտպանելն էր: Խաղացողները փորձում էին մտնել այդ տարածքը և վերցնել գետնի վրա փռված գոտիները: Պաշտպանողը գոտու հարվածներով փորձում էր արգելել: Եթե գրոհողներին հաջողվում էր վերցնել գոտին, ապա նրանք այդ գոտիով սկսում էին հարվածել տարածքը պաշտպանողին:
Մեր մյուս խաղը կոչվում էր «Նիզդի Զադի» (թռիր ու հարվածիր): Այս խաղի սկզբում մի հոգի կռանում էր, իսկ մյուսները իրենց ձեռքերը դնելով նրա մեջքին, թռնում էին և անցնում նրա վրայով: Յուրաքանչյուր մասնակից ուներ իր թռնելու ձևն ու ասելիքը, և վրիպելու դեպքում ինքն էր փոխարինում նախորդ կռացողին:
«Կլոր մեխակ» էր կոչվում մեր մյուս խաղը, որի մասնակիցները բաժանվում էին երկու խմբի: Մի խմբի անդամները ձեռքերը միմյանց ուսերի դրած, բոլորաձև կանգնում էին կենտրոնում: Մի քանի հոգի պաշտպանում էին տարածքում գտնվող մասնակիցներին: Տարածքից դուրս գտնվողները փորձում էին աննկատ թռնել տարածքի կենտրոնում կանգնածներից մեկնումեկի ուսերին: Եթե բոլոր ներխուժողներին դա հաջողվում էր, նրանք համարվում էին հաղթողներ:
«Կլոր մեխակ» խաղը ուներ մի ընդարձակ ձև, որին անվանում էին «Երկար մեխակ»: Այդ ձևը նույնպես մտնում էր մեր խաղացանկի մեջ: Մասնակիցները դարձյալ բաժանվում էն երկու խմբի: Առաջին խմբի անդամներից մեկը հանձն էր առնում պաշտպանելու պարտականությունը, իսկ մյուսները գլուխները մտցնում էին նախորդի ոտքերի մեջ: Երկրորդ խմբի անդամները փորձում էին, օգտվելով պաշտպանի վրիպումներից, թռնել առաջին խմբի անդամներից որևէ մեկի ուսերին: Եթե երկրորդներին հաջողվում էր դա և կարողանում էին իրենց դիրքերում մնալ ու չսայթաքել, խաղում հաղթող էին ճանաչվում, իսկ եթե ոչ՝ ստանձնում էին առաջինների պարտականությունը, պատկերը փոխվում էր, իսկ խաղը կրկնվում:
Մեկ ուրիշ խաղ էլ կար, որին մասնակցում էին երկու սեռի ներկայացուցիչներ: Այդ խաղը կազմակերպվում էր տներում: Հատակին կավիճով միմյանց կպած ուղղանկյուններ կամ քառանկյուններ էին գծում և մի ոտքը բարձրացրած՝ մյուսով քարն այնպես էին տեղափոխում, որ այն կանգ չառներ երկու քառակուսիների սահմանագծի վրա կամ դուրս չմնար այդ քառակուսիների տարածքից, այլապես վրիպողը դուրս էր մնում խաղից: Այդ խաղն անվանում էին «Պլան պուտիկ»:
Մեր խաղատեսակներից մեկն էլ «Մաչալոց»-ն էր: Այդ խաղին մասնակցողները երկու մասի էին բաժանվում: Մի խումբը մնում էր որոշված բոլորաձև տարածքում, իսկ մյուս խմբի անդամները հերթով, մեկ ոտքի վրա, վազում և բռնում էին մյուս խմբի անդամներից որևէ մեկին: Եթե վերջիններիս հաջողվում էր բռնել հակառակորդ բոլոր մասնակիցներին, ապա խաղում հաղթող էին ճանաչվում: Այնուհետև մասնակցող խմբերի դիրքերը փոխվում էին:
Դպրոցում դասամիջոցների ժամանակ բարձր դասարանների աշակերտները բասկետբոլ կամ վոլեյբոլ էին խաղում:
Դպրոցի շրջափակից դուրս, հատկապես ամռան օրերին, մի քանի ընկերներով գարեջրի կամ լիմոնադի շշերի՝ թիթեղից պատրաստված կափարիչները շարում էինք կավիճով գծած մի քառակուսի տարածքի մեջ և հերթականությամբ քարեր էինք նետում նշան դրած կափարիչների վրա: Հաղթում էր նա, ով կարողանում էր ավելի շատ թիթեղներ հանել շարքից:
«Ալաք դոլաք» էր կոչվում մեր մյուս խաղը: Այդ խաղին մասնակցողները բաժանվում էին երկու խմբի: Աղյուսի կամ քարերի վրա դրվում էր մի կարճ փայտ: Խաղը սկսողը իր ձեռքի երկար փայտով նախ տեղից բարձրացնում էր աղյուսի վրա դրված փայտը, ապա անմիջապես հարվածում դրան, որպեսզի այն հեռանա մի ինչ-որ ուղղությամբ: Մի քանի հոգի փորձում էին օդում բռնել թռչող փայտիկը: Եթե նրանցից որևէ մեկին հաջողվում էր, վազում էր նախապես որոշված տեղով և հասնում խաղը սկսողին: Հաջողվելու դեպքում նա ճանաչվում էր հաղթող և փոխարինում էր խաղը սկսողին:
Հատկապես շատ էինք խաղում «Ոստիկան, գող» խաղը: Այդ խաղին մասնակցողները բաժանվում էին երկու խմբի: Մի խումբը ստանձնում էր ոստիկանների դերը, մյուսը՝ գողի:
Այդ օրերին բնական և կանոնավոր սովորություն էին դարձել դեռահաս աշակերտների միջև տեղի ունեցող կռիվները: Աշակերտները նույնիսկ գիտեին, թե որ օրը ով ում հետ է կռվելու: Նրանց մեծ մասը հավաքվում էր դպրոցին հարակից փողոցում, որտեղ պետք է տեղի ունենար հերթական կռիվը: Այդ կռիվները տեղի էին ունենում շաբաթը մեկ, իսկ երբեմն էլ՝ մի քանի անգամ: