Հայկական տարազ. Չուխա

XIX դ. և XX դարի սկզբի հայկական տարազի բաղկացուցիչներից էր չուխան: Տարբեր շրջաններում այն տարբեր տեսակի էր լինում, սակայն հիմնականում դրանք նմանվում էին: Բարձր Հայքում օգտագործվում էր չուխայի երկու հիմնական տեսակ: Առաջինը կարվում էր սև գույնի տնայնագործական խոշոր հյուսվածքով բրդյա կտորից, վերևամասը մինչև գոտկատեղ կիպ էր: Շեղ կտորներից բաղկացած ներքևամասը միացման կարերի վրա մեկական դարսով հավաքվում էր վերևամասի տակ: Թևքերը ուղիղ էին ու լայն. թևքաբերանը և քղանցքի կողքերը մեկական կարճ ճեղքով էին: Այդ ճեղքերի և ամբողջ չուխայի եզրերին կարվում էր սև մետաքսաթելով հյուսված տրեզ:

Չուխայի երկրորդ տարբերակի թևքերը երկար և առանց կարի էին: Այդ տարբերակը գործածական էր առաջին տարբերակի հետ միաժամանակ՝ միայն Ախալցխա, Ախալքալակ և Ալեքսանդրապոլ քաղաքներում:

Ապարանում չուխան կարվում էր գյուղերում արտադրվող բրդյա կոշտ շալից: Շալը գործվում էր 15-20 մետր երկարությամբ և 25 սմ լայնությամբ: Մեկ չուխա կարելու համար անհրաժեշտ էր 8-9 մետր շալ:

չուխա

Տղամարդկանց տաք վերնազգեստ-չուխայի 4 տարբերակի ձևվածքը: 1ա – առաջին տարբերակ առջևից: 1բ – առաջին տարբերակ ետևից, 2ա – երկրորդ տարբերակ առջևից, 2բ – երկրորդ տարբերակ ետևից, 3ա – երրորդ տարբերակ առջևից, 3բ – երրորդ տարբերակ ետևից, Ապարան, 4ա,բ – Սյունիք, Արցախ, Գողթն, Արարատյան հովիտ

 

Ապարանում գործածական էր չուխայի երեք տեսակ. առաջինը կոչվում էր դարսերով չուխա, որովհետև գոտկատեղում լայն ներքևամասը ետևում կիպ հավաքվում էր վերևամասի տակ՝     դարսերով: Քղանցքը կողքերում մեկական ճեղքով էր: Թևքերը հիմքում և թևքաբերանում լայն էին, փոքր ճեղքով, թևքատակը կոր փորվածքով էր: Կիպ վերնամասը և թևքերը աստառապատվում էին բամբակյա կապույտ, սև գույնի կտորով: Վզի բացվածքի, աջ ու ձախ փեղկերի, թևքաբերանի ճեղքի, քղանցքի և կողքի մեկական ճեղքերի եզրերին կարվում էին սև գույնի մետաքսյա հաստ ոլորված թելեր, որոնք զարդաձև լինելուց զատ ծառայում էին նաև եզրերը ձիգ, ամուր պահելուն:

Չուխայի երկրորդ տեսակը գոտկատեղում շարով էր՝ օյմով: Սա նույնպես կարվում էր տեղական շալից: Թևքերը հիմքում և թևքաբերանում լայն էին, ինչպես առաջին տեսակինը, բայց առանց թևքաբերանի ճեղքի: Աջ ու ձախ փեղկերի եզրերին, գոտկատեղում կարվում էր երեք չափռաստ: Վերևամասը և թևքերը աստառապատվում էին բամբակյա սև, մոխրագույն կտորով (սատին) կամ կտավով:

Երրորդ տեսակի չուխան գոտկատեղում առանց դարսերի էր: Հինգ շեղ կտորներից բաղկացած ներքևամասը ետևում հավաքվում էր վերևամասի տակ: Վերևամասը և թևքերը աստառապատվում էին բամբակյա կտորով, ինչպես առաջին և երկրորդ տեսակները:

Երեք տեսակի չուխաները հագնում էին ամուսնացած տղամարդիկ՝ բոլոր գյուղերում: Երիտասարդները մինչև ամուսնանալը չուխա չէին հագնում: Պսակվելու օրը չուխա չունեցողը փոխարինաբար վերցնում էր հարևանից, հարսանիքին հագնում, հետո վերադարձնում տիրոջը: Չարքազի կոչված հարսանեկան չուխան դարսերով էր, որը բացի տեղում կարելուց գնում էին նաև Թիֆլիսից:

Սյունիքում և Արցախում ևս չուխան տղամարդկանց հագուկապի մեջ էր մտնում: Այն կարում էին սև կամ մուգ կապույտ ընտիր շալից: Այս շրջաններում կային չուխայի երկու հիմնական տեսակներ: Առաջինի աջ և ձախ փեղկերն ուղիղ էին և կոճկվում էին երեք օղակ-կոճակով: Թիկնամասը կարվում էր չորս քառանկյունաձև կտորից, որոնցից յուրաքանչյուրն ուներ 30-35 սմ լայնություն և 40-45 սմ երկարություն: Գոտկատեղում այդ ներքևամասը հավաքվում էր շարով և ներսի կարով միանում վերևամասին: Օձիքը կանգուն էր: Թևքաբերանը ճեղքով էր՝ առանց անութակտորի: Աջ և ձախ փեղկերի կրծքամասում կարվում էր վազմակալ՝ վեցական բաժանումներով: Կոպիտ բրդյա կտորից կարված չուխան առանց վազմակալի էր:

Չուխայի երկրորդ տարբերակը, որ կարում էին սև մահուդից, ուներ երկար թևքեր: Թևքատակն առանց կարի էր, թևքաբերանը՝ սրածայր: Երբեմն ձախ թևքը ձգում էին ձախ ուսին, որպեսզի շքեղ կարված արխալուղի թևքը երևար: Չուխայի եզրերին կարում էին սև մետաքսաթելից հյուսված տրեզ: XXդ. սկզբից ի վեր չուխայի այս տարբերակը տարածված էր նաև Գողթնում:

Փեսայի հարսանեկան չուխան կարվում էր կարմիր մահուդից: Հարսանեկան չուխան միաժամանակ ծառայում էր իբրև տոնական վերարկու: Գորիսի շրջանի և Ղարաբաղի որոշ գյուղերում տարեց տղամարդկանց մեջ մինչև 1960-ական թթ. պահպանվում էր չուխայի ամենօրյա տեսակը:

Լոռվա շրջանում չուխան նույնպես երկու տեսակի էր, որոնցից մեկը կոչվում էր տեղական կամ գյահր, իսկ երկրորդը՝ չերքեզի: Առաջին տեսակը կարվում էր հորագործ կամ գետնագործ կտորից: Կտորի երեք երկարությունը, որ ուներ 45-50 սմ լայնություն, կազմում էին չուխայի աջ ու ձախ փեղկերը և ետնամասը: Գոտկատեղից ներքև, կողքերում և ետևին ավելացվում էր շեղ կողմերով կտրած 6 կտոր, ապա շարով կիպ հավաքվում և միացվում էր վերևամասին: Կողքի կարերի ուղղությամբ կարվում էր մեկական գրպան: Թևքերը լայն էին, հիմքում փոքր թեքությամբ, թևքաբերանում նույնպես լայն: Թևքատեղերը փորվածքով էին: Վերևամասը մինչև գոտկատեղի կարը և թևքերը բամբակյա կտորի աստառով էին, առանց վազմակալների: Չուխայի այս տեսակը մատչելի էր աշխատավորական խավին:

Չուխայի երկրորդ տարբերակի կրծքամասը վազմակալների շարանով էր: Թևքերի թևվածքը նման էր առաջինին, միայն թևքաբերանում ճեղք ուներ: Կողքերում գոտկատեղից ներքև, աջ ու ձախ փեղկերին և ետնամասի կենտրոնական կտորին ավելացվում էին շեղ կտորներ: Ներքևամասի միացման կարերը գոտկատեղի կարի մոտ ելուստավոր էին: Այս տեսակը ևս թևքերում և վերևամասում ունենում էր բամբակյա կտորե աստառ: Քղանցքում, կողքի կարերի ուղղությամբ ուներ մեկական ճեղք: Այս ճեղքերի աջ ու ձախ փեղկերի, վազմակալների և գրպանների եզրերին ու քղանցքին կարվում էին սև գույնի մետաքսյա թելից հյուսված տրեզներ: Չուխայի այս տեսակը հագնում էին ունևորները և մտավորականները:

Աղբյուր՝ Նազիկ Ավագյան, Հայկական ժողովրդական տարազը (XIXդ. – XXդ. սկիզբ), ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1983

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *