Լոռվա կոխ: Հնար 10. Խփում դրսից
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝
ա) մարմնի ծանրությունը փոխադրել է առաջ՝ աջ ոտքի վրա.
բ) թեքվելով առաջ՝ մարմնի ծանրությունը փոխադրել է երկու ոտնածայրերի վրա:
Այս դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝
ա) ստիպել հակառակորդին կանգնել աջ ոտքի վրա.
բ) ստիպել հակառակորդին կանգնել ոտնածայրերի վրա:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Ձախ ձեռքով բռնել տարանուն թևքը, իսկ աջ ձեռքը դրսից տանելով հակառակորդի ձախ թևատակից, բռնել նրա հագուստի կրծքի մասից (հակաբռնումով): Ձեռքը պետք է այնպես անցկացնել, որ ափը սկզբում շրջված լինի դեպի իրեն, հետո պաշտպանվողի կրծքի մոտ ափը դարձնել դեպի նրա կուծքը ու բռնել հագուստից:
Կատարումը: Ոստնելով ձախ ոտքի վրա, դառնալ ձախ՝ մեջքով դեպի հակառակորդն ու ձախ ոտքը դնել նրա աջ ոտքի մոտ ներսից այնպես, որ իր ձախ ոտքի թաթը և հակառակորդի աջ ոտնաթաթը նայեն մի ուղղությամբ: Ոստնելու պահին աջ ոտքը տանել առաջ՝ վեր ու ձախ, և հետո կտրուկ բարձրացնել ետ՝ վեր ու այդ ոտքի ազդրի ետին մասով խփել հակառակորդի աջ ոտքի ազդրի առջևի մասին: Դրա հետ միաժամանակ թեքվել ձախ կողքով, ցած՝ ձախ, իսկ ձեռքերով կտրուկ ձգել վարժակցին դեպի իր ձախ ոտքը, այսինքն՝ դեպի իր տակը՝ ցած՝ ձախ:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի այնտեղ, որտեղ գտնվում էր հարձակվողի ձախ ոտքի ներբանը. Հարձակվողն էլ վարժակցի ետևից կընկնի նրա վրա:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է ոտքերի վրա կքանստել և թեքվել ետ:
Հակահնարը՝ ա) ետգցում՝ բռնելով տարանուն թևքը և մեջքը (գոտուց), բ) կառչում դրսից՝ բռնելով տարանուն թևքը և մեջքը (գոտուց):