Շիրակի կոխ: Հնար 1: Պոկում առաջ
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝
ա) հարձակվում է վարժակցի վրա, բ) ուղղվելով ընդունում է բարձր կանգնվածք:
Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝
ա) ետ նահանջել, նպատակ ունենալով հակառակորդին հարկադրել դիմելու հարձակման,
բ) աշխատել հակառակորդին կռացնել առաջ, որ նա, որպես պատասխան գործողություն, ուղղվի և ընդունի բարձր կանգնվածք:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը աջով, հակառակորդը՝ ճակատային: Աջ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, իսկ ձախով՝ տարանուն ձեռքը:
Կատարումը: Նահանջելով ետ, հարձակվողն անսպասելիորեն իրանը թեքում է առաջ, ոտքով կատարելով մի քայլ առաջ՝ մոտենում է հակառակորդին, դրսից բռնում նրա տարանուն ազդրերի ետևի մասերից (շալվարից), կքանստում է, գլուխն անցկացնում նրա աջ ուսի տակ ու աջ ոտքը մոտեցնում ձախին: Աջ ոտքը ձախին մոտ բերելու պահին երկու ոտքը կտրուկ ուղղելով ու մեջքը արտակորելով, վեր է բարձրացնում հակառակորդին: Երբ հակառակորդի կոնքը հասնում է հարձակվողւ կզակի բարձրությանը, վերջինս, տանելով վարժակցի ոտքերը դեպի կողմ, կտրուկ թեքվում է առաջ և չոքելով, հակառակորդին գցում է գորգի վրա:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ հարձակվողի առջև, իսկ վերջինս նրա մոտ՝ կողքի վրա:
Պաշտպանություն: Պաշտպանվելու համար պետք է իրանը թեքել առաջ և ոտքերը ետ տանելով՝ թույլ չտալ հարձակվողին գորգից կտրել: Եթե հարձակվողին հաջողվել է հակառակորդի ոտքերը կտրել գորգից, ապա վերջինս պետք է դրսից բռնի նրա տարանուն ձեռքը և ձգելով դեպի վեր, աշխատի աշխատի ազատվել բռնումից, միևնույն ժամանակ մեկ կամ երկու ոտնաթաթի երեսով ներսից հենվի հարձակվողի որևէ սրունքին:
Հակահնարները՝ ա) ետգցում՝ հակառակորդի իրանը հակադարձ բռնելով, բ) ետգցում՝ առջևից բռնելով պարանոցը՝ ուսի տակից և համանուն ազդրը՝ ներսից, գ) ետգցում՝ ազդրը հակադարձ բռնելով: