Շիրակի կոխ: Հնար 4: Փոխադրում պարտեր սուզումով
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) անշարժ կանգնած է ցածր կանգնվածքում, բ) հարձակվելով, աջ ոտքը մի քայլ առաջ է կատարում:
Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողությունը կլինի՝ հակառակորդին ետ հրել, ինչը նրան կստիպի դիմադրել, մարմնի ծանրությունը փոխադրել երկու ոտնածայրերի վրա և հարձակվելու փորձ կատարել:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ճակատային: Աջ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, իսկ ձախով՝ տարանուն ձեռքը:
Կատարումը: Իրանը կտրուկ առաջ թեքելով և աջ ոտքով մեկ քայլ առաջ կատարելով՝ ոտքերի վրա կքանստել և գլուխն անցկացնել հակառակորդի աջ ուսի տակ, որից հետո ձախ ձեռքով դրսից բռնել նրա շալվարը՝ տարանուն ազդրի ետևի կողմից, իսկ աջ ձեռքը սահեցնել նրա տարանուն ուսով և բռնել բազուկից: Հետո ոտքերի ուղղման, ձեռքերի ուժի և արտակորվելու հաշվին հակառակորդին թեթև բարձրացնել վերև ու մեջքով դեպի գորգն ընկնելով, նրան իր հետևից քաշել: Միևնույն ժամանակ անմիջապես գորգի մոտ պետք է կտրուկ աջ դառնալ և ընկնելով իր աջ ուսի վրա, շարունակել դարձը, աշխատելով հակառակորդի մեջքը սեղմել գորգին:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողից աջ, իսկ վերջինս՝ իր աջ կողքի և վարժակցի կրծքի վրա:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է թեքվել աջ, իսկ ձեռքով հենվել հակառակորդի իրանին և ետ դնել աջ ոտքը:
Հակահնարները՝ ա) կառչում ներսից՝ տարանուն ձեռքը բռնելով, բ) ոտգցում առջևից՝ տարանուն ձեռքերը բռնելով: