Թոփա-գարան

Հայաստանի տարբեր շրջաններում այս խաղը խաղացվել է տարբեր անուններով: Արարատյան և Տարոնո դաշտավայրերում կոչվել է թոփա-գարան, թոփագար, Վասպուրականում՝ սարո-թոփ, Լեռնային Ղարաբաղում և Սյունիքում՝ գնդա-թի, Դիլիջանի և Շաշադինի շրջաններում՝ զազախ-թոփ, Բայազետի և Մարտունու շրջաններում՝ թոփ-չորոցի:

Խաղի նկարագրությունը

Խաղի համար անհրաժեշտ է մեկ թենիսի գնդակ և 50-60 սանտիմետր երկարությամբ մի ծայրը բարակ և գնալով ծայրը աստիճանաբար հաստացող գլանաձև մեկ խաղափայտ:

Խաղադաշտի մի ծայրում գծվում է 4-5 մետր երկարությամբ խաղագիծ: Խաղագծի ձախ կողմում, դեպի խաղադաշտի ներսը, 5 մետր հեռավորության վրա գտնվում է 30×30 սմ չափի մի քառակուսի, որը կոչվում է «փուչ-հոջ» (տուն): Խաղագծի աջ ծայրում գծվում է նույն չափի մեկ ուրիշ քառակուսի, որը կոչվում է թոփ-հոջ: Թոփ-հոջի ուղղությամբ դեպի դաշտի ներսը 30-40 մետր հեռավորության վրա գծվում է նույն չափի երրորդ քառակուսին, որը կոչվում է հոջ:

Խաղին մասնակցում են 16-18 հոգի, որոնք բաժանվում են 2 հավասար խմբի: Խմբերից մեկական խաղացող նշանակվում է «պապ» (թիմապետ):

Խմբերը վիճակահանությամբ որոշում են, թե որ խումբը պետք է լինի գնդակ խփող և որը՝ գնդակ բռնող: Գնդակ խփողները շարքով կանգնում են խաղագծի վրա: Խաղափայտը գտնվում է նրանց առաջին խաղացողի (աջից) ձեռքում: Գնդակ բռնողները ցրվում են երեք հոջերի միջև ընկած տարածությունների վրա և տարածություններից դուրս: Նրանցից մեկը նշանակվում է գնդակ գցող:

Գնդակ գցողը կանգնում է թոփ-հոջի դիմաց, 3-4 քայլ հեռավորության վրա:

Խաղը դատող և հաշիվը գրանցող դատավորները խաղադաշտը լավ տեսնելու և խաղը լավ դատելու նպատակով կանգնում են նպատակահարմար տեղերում:

Խաղի կանոնները

Դատավորի կողմից տրված սուլիչի ազդանշանով խաղը համարվում է սկսված: Գնդակ խփող կողմի առաջին խաղացողը վերցնում է խաղափայտը և պատրաստվում նրանով խփելու գնդակ գցողի կողմից գցված գնդակին: Եթե հարվածը վրիպեց (փուստ անցավ), գնդակ գցողը կրկնում այն, եթե նորից վրիպեց՝ երրորդ անգամ է գցում. Այս դեպքում էլ հարվածը վրիպելիս գնդակին հարվածողը համարվում է «կտրված», գնում կանգնում է իր խմբի վերջում և գնդակին խփելու հերթը անցնում է հաջորդ խաղացողին:

  1. Գնդակին խփողը եթե կարողացավ հաջողությամբ հարվածել գնդակին և թռցնել այն հեռու, այն ժամանակ նա խաղափայտը գցում է գետնին և արագ վազում է փուչ-հոջ, այնտեղից՝ հոջ և վերադառնում թոփ-հոջ: Այս շրջապտույտը կատարելուց հետո նա շահում է մեկ խաղ (միավոր), գնում կանգնում է իր խմբի վերջում և սպասում հերթի:
  2. Գնդակին խփողը եթե անհաջող հարվածեց և հակառակորդները գնդակը շուտ վերցրին, այն ժամանակ գնդակին խփողը պետք է աշխատի անպայման հասնել փուչ-հոջ, այլապես հակառակորդ կողմի խաղացողները գնդակով կխփեն նրան և կկտրեն՝ կզրկեն խաղ (միավոր) շահելու հնարավորությունից:
  3. Խաղի ընթացքում շատ հաճախ պատահում է, որ անհաջող հարվածների հետևանքով մի քանի խաղացողներ կանգնած են լինում փուչ-հոջի և մի քանի խաղացողներ՝ հոջի վրա. նրանք սպասում են, որ իրենց կողմի հերթական խաղացողներից մեկը հաջող կերպով հարվածի գնդակին, և հնարավորություն տա իրենց՝ կատարելու անհրաժեշտ շրջապտույտը: Հաջողվելու դեպքում թոփ-հոջ վերադարձող բոլոր խաղացողները շահում են մեկական խաղ:
  4. Գնդակ խփողի կողմից խփված գնդակը եթե հակառակորդները բռնեն օդում, խմբերի դերերը կփոխվեն: Այս, ինչպես և խմբերի դերերը փոխվելու բոլոր դեպքերում, փուչ-հոջի և հոջի վրա գտնվող խաղացողների ձեռք բերած արդյունքները համարվում են թերի և ոչնչանում են:
  5. Խմբերի դերերը փոխվելու ժամանակ, գնդակին հարվածելու հերթը այն խաղացողին է պատկանում, որի հերթի ժամանակ փոխվում են խմբերի դերերը:
  6. Գնդակ գցողը պետք է գնդակը գցի խփողին՝ նրա ծնկներից մինչև կրծքի վանդակը ընկած տարածության ուղղությամբ: Այս սահմաններում գցված գնդակները համարվում են ճիշտ, իսկ ծնկներից ցած և կրծքավանդակից բարձր գցված գնդակները համարվում են սխալ: Գնդակ գցողը հարվածողին շփոթեցնելու համար իրավունք ունի սխալ գնդակներ գցելու, հարվածողն էլ իրավունք ունի սխալ գցված գնդակներին չհարվածելու: Սակայն, եթե հարվածողը խփում է սխալ գցված գնդակներին, նա այդ բանի համար բողոքելու իրավունք չունի:
  7. Գնդակ բռնողներն ունեն լայն իրավունք գնդակն իրար գցել-բռնելու, որպեսզի հարմար մոմենտին խփեն հոջից-հոջ փախչողներին: Խփվածները համարվում են «կտրված», գնում կանգնում են իրենց խմբի վերջում և սպասում հերթի:
  8. Գնդակ գցողը պետք է լինի չափազանց ուշադիր և շրջահայաց, երբ նա գնդակ է գցում հարվածողին՝ հոջերի վրա գտնվողները օգտվելով առիթից փախչում են հոջից-հոջ, այսպիսի դեպքերում նա անմիջապես գնդակը գցելու է իր կողմի այն խաղացողին, որի մոտ կատարվում է հոջից-հոջ փախչելու գործողությունը:
  9. Գնդակ բռնողները, երբ տեսնում են, որ գնդակը հակառակորդին խփելով կարող են վրիպել, սրանք իրավունք ունեն վազել և ոտքը դնել այն հոջի վրա, դեպի որը վազում է հակառակորդը: Այսպիսի դեպքերում գնդակ բռնողները հակառակորդներին կտրել կարող են միայն այն պարագային, երբ հոջի վրա կանգնելիս իրենց ձեռքում ունեն գնդակ: Առանց գնդակի հոջի վրա կանգնելու և հակառակորդին կտրելու իրավունք չկա:
  10. Յուրաքանչյուր լրիվ պտույտ՝ փուչ-հոջից դեպի հոջ և վերադարձ թոփ-հոջ, համարվում է մեկ խաղ (միավոր): Խմբերի դերերը փոխվելիս հաշվող դատավորը պարտավոր է բարձրաձայն հաղորդել խմբերի շահած խաղերի քանակը:
  11. Խմբերի դերերը փոխվում են այն դեպքերում՝ ա) երբ հարվածողները տալիս են երեք կտրված, բ) երբ գնդակ բռնողները հակառակորդների խփած գնդակը բռնում են օդում:
  12. Խաղը համարվում է վերջացած այն դեպքում, երբ խմբերից մեկը շահում է 30 խաղ:

Վ. Վարդանյան, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ

Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 25 հուլիսի, 1956թ., թիվ 9

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *