Լոռվա կոխ: Հնար 2. Կառչում դրսից
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա. մարմնի ծանրությունը փոխադրել է ձախ ոտքի վրա, բ. ձգում է վարժակցին դեպի իրենց:
Այդ դրություններն ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝ ա. հակառակորդին կտրուկ ձգել դեպի իրեն, ինչը կստիպի նրան կտրուկ ետ թեքվել և թեթև կքանստել, բ. ետ հրել հակառակորդին դեպի նրա ձախ ոտքը, ինչը կստիպի նրան կքանստել նույն ոտքի վրա:
Ելման դրությունը: Կանգնվածքը. հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ճակատային:
Աջ ձեռքով բռնել հակառակորդի ձախ կողքից՝ գոտուց, ձախ ձեռքով՝ աջ կողքից՝ գոտուց: Հակառակորդը աջ ձեռքով բռնում է ձախ թևքից, իսկ ձախ ձեռքով՝ հարձակվողի չուխայի կրծքամասի աջ կեսից:
Կատարումը: Իրանը կտրուկ թեքել առաջ, ձախ ոտքով կատարել մեկ քայլ առաջ, դնել այն հակառակորդի ոտքերի միջև, բացել ոտնածայրերը դեպի ձախ ու թեթև կքանստել այդ ոտքի վրա: Միաժամանակ հակառակորդին ձգել դեպի իրեն, աջ ոտքը բարձրացնել դեպի վեր, աջ, սրունքը կտրուկ հարվածով դեպի ցած, կառչել հակառակորդի ձախ ոտքից՝ դրսի կողմից և, ետ հրելով նրան, գետնել:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, իսկ հարձակվողը՝ նրա մարմնի աջ մասի և գորգի վրա:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է թեքվել առաջ և ետ դնել ձախ ոտքը, թույլ չտալով կառչել նրանից:
Հակահնարը: Փաթաթում ներսից՝ բռնելով տարանուն թևքից և մեջքից (գոտուց):