Սիմոն Փահլևան

Սիմոն Փահլևանը ծնվել է 1856թ. Սեբաստիայում, Վարագա սուրբ Խաչի տոնի օրը, որը նշվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ընկած կիրակի օրը: «Սիմօն Փէհլիվան. Համբաւաւոր հայ ըմբիշը» (Կ. Պոլիս, 1929թ.) գրքի հեղինակ Հրանտ Գ.-ն նշում է, որ ապագա հռչակավոր ըմբիշը ծնվելիս եղել է շատ թուլակազմ ու տկար: Սակայն տարեց կանանցից մեկը, ուշադրություն դարձնելով տղայի ողնաշարի կառուցվածքին, ասել է, թե «այս տղան շատ ուժով պիտի ըլլա և մեծ համբավ պիտի վայելէ»:

Եվ իսկապես, Սիմոնը բնատուր մեծ ուժի տեր էր: 17-18 տարեկան հասակում նա աչքի ընկնող երիտասարդ էր՝ ոչ շատ բարձրահասակ, ամուր մկաններով ու գեղեցիկ արտաքինով: Լսելով Սիմոնի ֆիզիկական տվյալների մասին՝ Սեբաստիայում մեծ ճանաչում ունեցող փահլևան Արթինը որոշում է պատանուն մարզել և սովորեցնել ըմբշամարտի հնարքները:

Սիմոն Փահլևան

Սիմոն Փահլևան

Եվ քանի որ Սիմոնի հայրը՝ Թոփուզ Կարոն բեռնակրություն էր Պոլսի մաքսատներից մեկում և հայրենի քաղաքից հեռու էր, Արթինը ընկերոջ հետ հանդիպում է Սիմոնի մորը և թույլտվություն ստանում նրանից: Նրանք նշում են, որ ըմբշամարտին տիրապետելը շատ օգտակար պիտի լինի ինչպես Սիմոնի, այնպես էլ՝ համաքաղաքացիների համար: Արթինի ընկերն ասում է, որ քրդական կողոպուտները մի օր կարող են վտանգ լինել հայերի համար և որոնց «դեմ դնելու համար անհրաժեշտ էր, որ քաղաքն ունենար իր մեջ Սիմոնի նման կտրիճներ: Այո՛ կտրիճներ, որոնք գեթ մասնագիտորեն կարենային դեմ դնել չարակամ քուրդերուն, զենքով, թե բազուկով…»: Սիմոնի մայրը, լսելով այս փաստարկները, համոզվում է և տալիս իր համաձայնությունը:

Ըմբշամարտիկ դառնալու միտքը ոգևորությամբ է ընդունում նաև Սիմոնը: Արթինի հետ առաջին իսկ հանդիպման օրը նրանք գնում են Ս. Նշան վանքի մոտակա անտառակը, որտեղ արդեն բավականին ժողովուրդ էր հավաքվել: Այնտեղ էր նաև Սեբաստիայի հոգևոր առաջնորդ Պետրոս վարդապետը, ով պահպանիչ աղոթք է կարդում Սիմոնի համար, օրհնում նրան և մաղթում, որ հայ «ազգը ծնունդ տա Սիմոնի նման կտրիճների»:

Այդտեղ էլ Արթինը Սիմոնին հագցնում է ըմբիշի հագուստը, և տեղի է ունենում ուսուցչի ու աշակերտի առաջին մենամարտը:

«Սիմոն հակառակ իր առաջին փորձը ըլլալուն, վաղեմի ըմբիշի մը նման կաշխատեր տապալել Արթին փեհլիվանը որ բավական փորձառու էր ու համբավ կվայելեր իր ասպարեզին մեջ: Պահ մը Արթին աղբոր կռնակը գետնին տալու մազ մնացած էր… երբ այս վերջինը ճարտար շարժումով մը ոստում մը ըրավ և Սիմոնը առաւ իր ծունկին տակ: Սակայն անկարելի եղավ գետին պառկեցնել Սիմոնը, ինչ որ անհրաժեշտ է ըմբշամարտին մեջ պարտության մատնելու հակառակորդը: Սիմոն ապշեցուցիչ հատկություններ ցույց կուտար՝ ձեռքի դարձվածքներ, պարանոցի ու ծոծրակի մկաններուն նպաստավոր գործածություն, ոտքերու տոկունությունը և մանավանդ շնչառության խնամքով գործածություն»:

Մարտն ավարտվում է առանց հաղթողի՝ Արթինը փահլևանը համբուրում է Սիմոնի ճակատը և ներկաներին ասում, թե պատանին նշանավոր մարզիկ է դառնալու:

Արթին փահլևանը, ինչպես ասացինք, հեղինակություն ու հարգանք էր վայելում Սեբաստիայում: Նա մեծապես օգնում էր իր հայրենակիցներին, հաճախ՝ պաշտպանում նրանց: Մի անգամ գիշերը, մզկիթի մոտով անցնելիս, նա նկատում է, որ մի հայ կռվում է քրդի հետ: Արթինը միջամտում է, սակայն քրդին օգնության են հասնում ընկերները: Կռվի ժամանակ Արթինը հաղթում է բոլորին և հային անվնաս տուն հասցնում: Բայց քրդերը որոշում են վրեժ լուծել և հաջորդ օրը մզկիթի մոտ թիկունքից կրակում և սպանում են Արթինին:

Շարունակելի

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *