Հայ մարմնակրթությունը Հալեպում

«Մարմնակրթությունը իր արդիական ըմբռնումով Հայոց մեջ մտած է նախ Ամերիկյան քոլեջներու և ապա անգլիական բանակի միջոցով: Ըստ էության անոր «հայկականացումը» կպարտինք 1915-ի նահատակներեն Շավարշ Քրիսյանի և անոր 1911 թվականին Կ.Պոլսո մեջ հիմնած Մարմնամարզ ամսագրին: Շարժումը թափ ստացավ 1912-ին, Սթոքհոլմի Ողիմպիականեն, որուն Թուրքիո անունով քանի մը հայեր ալ մասնակցեցին և հիշատակումներու արժանացան»:

Գրիգոր Պողարյան

1911թ. հայկական որոշ ուսումնարաններում ու դպրոցներում սկսեցին դասավանդել շվեդական մարզանքը և որոշ մարզական խաղեր, այդ թվում՝ ֆուտբոլը: Հալեպը դրանց թվում չէր, քանի որ այնտեղ հայերը քիչ էին. միայն Հալեպի գերմանական վարժարանն ուներ մարզական ուսուցման դասընթացներ: Հալեպը հայկական կենտրոն դարձավ միայն 1915թ. հետո, երբ հայ աքսորյալների մի մասը հաստատվեց այնտեղ: Մարզական մեկ ակումբ կար միայն Հալեպի Ագապա թաղամասում, որ հիմնվել էր Ա. Ալթունյանի և Ահարոն Շիրաճյանի ջանքերով:

1905թ. Այնթապում ստեղծվել էր հայկական YMCA (Young Men’s Christian Association) երիտասարդական խմբակը: Թեև այն ուներ կրոնական-կրթական ուղղվածություն, սակայն ծրագրերում ներառված էին նաև մարզական պարապմունքներ, մասնավորապես՝ վազք, դրոշարշավ, ֆուտբոլ, գնդի հրում, պարանի քաշում և այլն: Հետագայում այն կոչվեց «Ուսումնասիրաց Միություն»:

1911-ին, «Մարմնամարզ» թերթի լույսընծայումից հետո, Այնթապում ստեղծվեց մարմնամարզական երկրորդ միությունը՝ «Համազասպ» անունով: Հիմնադիրներն էին Լևոն Տաղլյանը, Հակոբ Դանիելյանը, Լուի Հեքիմյանը և ուրիշներ: Միությունը չուներ կուսակցական կամ դավանական ուղղվածություն և իր ծրագրում ներառել էր դրույթներ օլիմպիական խաղերի կանոնագրքից՝ բացառությամբ այն ժամանակ քիչ տարածում ունեցող սպորտաձևերից՝ դահուկային սպորտ, լող, բասկետբոլ, վոլեյբոլ և այլն: Ամենասիրելի և տարածված խաղը ֆուտբոլն էր:

«Համազասպ»-ի գործունեությունը առավել տարածում է գտնում, երբ 1912թ. հիմնադրվում է Կիլիկյան ճեմարանը, որի մարզական բաժինը ղեկավարում էր պրոֆեսոր Հովսեփ Միսիրյանը: Ուսումնական հաստատությունների և քոլեջների միջև կազմակերպվում են սպորտային մրցույթներ, դաշտային մարզումներ, սակայն 1914թ. Առաջին Համաշխարհային պատերազմը կիսատ է թողնում սկսված բոլոր նախաձեռնությունները:

1918թ. Մուդրոսի զինադադարից և Թուրքիայի պարտությունից հետո Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղակայվում են բրիտանական ստորաբաժանումները: Հայոց ցեղասպանությունից փրկված և արտագաղթած բազմաթիվ հայեր հաստատվում են այս շրջաններում, և 1919թ. մարզական կյանքը սկսում է աստիճանաբար աշխուժանալ՝ վերաբացվում են Այնթապի «Համազասպ» և «Ուսումնասիրաց» միությունները:

1919թ. «Համազասպ»-ը պառակտվում է և նրանից անջատված մասը ստեղծում է նոր՝ «Արարատ» մարզական միությունը: Ցավոք, երկուսն էլ կարճ կյանք են ունենում. Թուրքիայում սկսվում է ազգայնական «Միլլի» շարժումը, որը հայերի համար դառնում է բնաջնջման նոր վտանգ: 1920թ. Մարաշի դեպքերից հետո Այնթապի հայ բնակչությունը դիմում է ինքնապաշտպանության և շուրջ մեկ տարի՝ 1920թ. ապրիլից մինչև 1921թ. փետրվարը հերոսաբար հետ է մղում թուրքական հարձակումները: Այնթապի ինքնապաշտպանությունը ղեկավարում էին Ատուր Լևոնյանը և Հարություն Մոմճյանը, ովքեր ունեին զինվորական ծառայության փորձ և մարզական ակումբների ակտիվ մասնակիցներից էին:

Նշենք, որ բրիտանացիների հեռանալուց հետո Հյուսիսային Սիրիայի մանդատն անցել էր ֆրանսիացիներին, ովքեր, սակայն, շուտով համաձայնության են գալիս թուրքական իշխանությունների հետ և հեռանում են: Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Այնթապի հայերը թողնում են իրենց հայրենի բնակավայրը և շուրջ 10 հազար մարդ տեղափոխվում է Հալեպ:

Հալեպում հաստատվելուց հետո իրենց գործունեությունը շարունակում են հայկական «Արարատ», «Համազասպ» և «Ուսումնասիրաց» մարզական ակումբերը: Նրանք ստեղծում են տարբեր մարզաձևերի խմբակներ, սակայն ամենատարածվածը ֆուտբոլն էր: Բացի վերոնշյալներներից Հալեպում գործում էին նաև Հայկական որբանոցի սպորտային խմբերը, որոնցից «Տալվորիկ» և «Կայծակ» ֆուտբոլային խմբերը միանում են սկզբում «Համազասպին», իսկ 1925-ին՝ առանձնանում և ստեղծում «Հայ մարմնական ընդհանուր միություն» (Հ.Մ.Ը.Մ) ակումբը:

Մարզական կյանքը Հալեպում որոշակի անկում է ապրում 1925-26թթ., երբ զգալի թվով հայեր արտագաղթում են Լիբանան, Ֆրանսիա և Հարավային Ամերիկա: «Ուսումնասիրացն» իր գործունեությունը դադարեցնում է 1927թ., իսկ «Արարատը» դառնում է Բեյրութի «Հայ մարմնակրթական միության» մասնաճյուղը: 1920-ականների վերջին ՀՄԸՄ-ին մրցակցում էր այնթապցիների նորաստեղծ «Գերմանիկ» (Վասպուրական) մարզական ակումբը: 1931թ. կազմվում է ՀԲԸՄ «Հայ երիտասարդաց ընկներացություն» ակումբը (ՀԲԸՄ ՀԵԸ), որը նույնպես ֆուտբոլային թիմ ուներ:

Աղբյուր՝ Գրիգոր Պողարեան, «Հայ մարմնակրթանքը Հալեպի մեջ»,
«Գեղարդ», Հայկ Պարիկեան, Սուրիահայ տերեգիրք, Ա տարի, Հալեպ, 1975թ.

You may also like...

1 Response

  1. 21 Feb, 2015

    […] թվականներին Հալեպում մարզական մեծ ակտիվություն կար՝ մշտապես անցկացվում էինք բռնցքամարտի, ծանրամարտի, […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *