Ծանրամարտիկ Սերգո Համբարձումյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սերգո Համբարձումյանը ծնվել է 1910թ. փետրվարի 23-ին Նախիջևանի Բիստ գյուղում: Նա Խորհրդային Միության բացարձակ չեմպիոնն է եղել 1933, 1934, 1935 թվականներին, 1935 թվականին առաջին համաշխարհային բանվորական օլիմպիադայի հաղթողն էր։ 1934թ. համամիութենական առաջնության մրցումներում Համբարձումյանը հնգամարտում ցույց է տալիս բացարձակ արդյունք՝ 571 կգ։
1934 թվականին, խոսելով 24-ամյա Հայ դյուցազնի ֆիզիկական ուժի մասին, «Կարմիր սպորտ» համամիութենական մարզական թերթը զարմանքով արձանագրում է, որ Համբարձումյանի ֆենոմենալ ուժը այդպես էլ չհաջողվեց չափել։ Ուժաչափի գործիքները կոտրվում էին մարզիկի հսկայական ուժի ներքո։
1934 թվականին Սերգո Համբարձումյանը սահմանեց 3 համաշխարհային ռեկորդ։ Նա պոկում ձախ ձեռքով ձևում գերազանցեց գերմանացի Ռեսին (95,8 կգ), պոկում երկու ձեռքով ձևում գերազանցեց եգիպտացի Նոսպերին (127,5 կգ) և հրում աջ ձեռքով գերազանցեց շվեյցարացի Խյուննենբերդին (115,5 կգ):
1935 թվականին Բելգիայի և Ֆրանսիայի մրցաբեմերը դարձան Համբարձումյանի հզոր ուժի ցուցադրավայրը։ Դրանք հայ դյուցազնի արտասահմանյան առաջին ելույթներն էին։ Իր նվաճումների համար նա պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշանով։ Մարզական պատմության մեջ դեռ ոչ մի մարզիկ չէր արժանացել կառավարական պարգևի։ Սերգո Համբարձումյանը հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում՝ հպարտություն և բերկրանք պատճառելով աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին:
Սերգո Համբարձումյանի ահռելի ուժի մասին այսպիսի դեպք են պատմում. 1938 թվականի ամռանը Մինսկում ԽՍՀՄ հերթական առաջնությանը նախապատրաստվելիս ծանրորդներից մեկը, մարզչի հետ զրուցելիս կատակում է, թե Ս. Համբարձումյանին իզուր են համարում ուժեղ մարդ, թեև նրա եռամարտի արդյունքը 433 կգ է… Նրանց կողքից քայլող Սերգոն, լսելով դա, զայրանում է, մոտենում մայթեզրին կանգնած ավտոմեքենային, բռնում ետնամասից, բարձրացնում մինչև ծնկները և կտրուկ բաց թողնում։
Սերգո Համբարձումյանը դարձավ հայրենական մարզասեր երիտասարդության սիրելին, նրանով մի նոր ժամանակաշրջան սկսվեց Հայաստանի մարզական կյանքում։ Սերգոյի հիանալի օրինակին հետևեցին Ռուբեն Մանուկյանը, Իվան Ազդարովը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Վարդանյանը, Յուրի Սարգսյանը, Անդրանիկ Պապիկյանը, Օգսեն Միրզոյանը։
1947թ. հուլիսի 18-ին Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում սպորտային ցուցադրության ժամանակ դաշտ է մտնում Սերգո Համբարձումյանը, ուսերին տանելով հսկա ծանրաձող, որի ծայրերին սկավառակների փոխարեն մեծածավալ կցագնդեր էին։ Նա հասնում է դաշտի կենտրոն և խորհրդավոր ծանրաձողը զգուշորեն իջեցնում գետնին, գնդերը բացվում են այնտեղից յուրաքանչյուրից դուրս են գալիս մանկական ֆուտբոլային մեկական թիմեր։
Սերգո Համբարձումյանը երկար տարիներ մարզել է Հայաստանի ծանրորդների թիմերը՝ 1938-41թթ.՝ «Սպարտակ» կամավոր մարզական ընկերությունը, 1945-48թթ. եղել է ֆիզկուլտուրայի հանրապետական կոմիտեի ծանրամարտի մարզիչ:
Սերգո Համբարձումյանը մահացել է 1983թ. ապրիլի 13-ին
Սերգո Համբարձումյանի մասին ուշագրավ տեղեկություններ կարդացեք նաև Հովիկ Չարխչյանի «Թե ինչպես հանդիպեցին Ստալինն ու հայ հսկան» հոդվածում:
————————————————–
Գրականություն
ՀՍՀ, հատոր 6, Երևան, 1980թ.
Պերճ Օհանյան, Մարզական սխրանքի էջեր, Երևան, 1989թ.
Հովհաննես Մարտիրոսյան, Փառքի նախերգանք, Երևան, 1975թ.
1 Response
[…] և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի՝ Փարիզի մրցումներին մասնակցության մասին այս […]