«Մարմնամարզ». Հայկական սպորտային առաջին պարբերականը

Հայկական առաջին սպորտային պարբերականը՝ «Մարմնամարզ» ամսաթերթը, սկսել է հրատարակվել 1911թ. փետրվարին՝ Կ.Պոլսում: Խմբագիրը Շավարշ Քրիսյանն էր, ով ցանկանում էր ստեղծել մարմնամարզական, սպորտային, ֆիզիկական դաստիարակության խնդիրներն արծարծող թերթ: Ինչպես նշված էր թերթի առաջին համարի խմբագրականում, նախկինում նման փորձեր չէին արվել, իսկ հայկական իրականության մեջ, հատկապես՝ 1908թ. երիտթուրքական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, լույս տեսնող թերթերը բնավ չէին անդրադառնում մարմնամարզությանն ու սպորտին:

Մարմնամարզ թերթի առաջին համարի գլխագիրը

Մարմնամարզ թերթի առաջին համարի գլխագիրը

«Սահմանադրութենեն ասդին զանազան թերթեր, մանավանդ պարբերականներ հրատարակվեցան. անոնցմե շատերուն անունն անգամ մոռցած ենք, ու իրենց չկարենալ շարունակելը շատ բնական էր, որովհետև տարբեր անուններու տակ գրեթե նույն նյութի մը կրկնություն էին և ուրիշ ոչինչ»,- գրված էր անդրանիկ թողարկման խմբագրականում:

Սկզբում թերթը լույս էր տեսնում ամիսը մեկ, իսկ 1912թ.-ից՝ ամսական երկու անգամ: Իր հրատարակության 4 տարիների ընթացքում «Մարմնամարզը» տեղեկություններ էր հրապարակում ֆիզդաստիարակության, տարբեր տեսակի վարժությունների, անձնական հիգիենայի, պատանիների սեռական դաստիարակության, հոգաբանության և այլ խնդիրների վերաբերյալ: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ամսաթերթը տպագրում էր տարբեր տեսակի ֆիզիկական վարժությունների ուղեցույցներ, այն ժամանակվա համաշխարհային սպորտային նվաճումների մասին տեղեկություններ, լուսանկարներ և այլ օգտակար նյութեր: «Մարմնամարզի» ջանքերով 1911 և 1912թթ. Կ.Պոլսում անցկացվում է հայկական օլիմպիական խաղեր, որոնք մեծ ոգևորություն և արձագանք էին ստանում:

Մարմնամարզ թերթի առաջին էջը

Մարմնամարզ թերթի առաջին էջը

Սակայն առանձնահատուկ նշանակություն ուներ թերթի՝ տարբեր գավառներում հայկական մարզական խմբակների, ակումբների ստեղծման նախաձեռնությունը: Հարկ է նշել, որ այս գործունեությունն ինքնաբուխ չէր և խմբագրի ու իր համախոհների առաջնային նպատակներից էր: Դեռևս թերթի առաջին համարում Շահեն Քրիսյանը գրում էր. «Կուզինք ավելցնել, թե հետզհետե նախաձեռնարկ պիտի ըլլանք կամ մղում պիտի տանք ամեն թաղի ու գավառի մեջ մեր կարողության չափով մարմնակրթանքի միություններ հաստատելու ու այսպեսով երիտասարդությունը բարոյական անկումներե հեռացնելով, հունական և օլիմպիական խաղերու վերածնության պես, հայկական ֆիզիկական կրթություն մը ստեղծել»:

Թեոդիկ. Ամենուն տարեցույց

Թեոդիկի «Ամենուն տարեցույց» Շ. Քրիսյանին նվիրված էջը

Թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանը ծնվել է 1886թ. Պեշիկթաշում: Սովորել է Պարտիզակի ամերիկյան, Պերպերյան վարժարաններում, Ռոբերտ Քոլեջում: Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում և Լոնդոնում: Վերադառնալով Կ.Պոլիս՝ Քրիսյանը սկսում է մարմնամարզության ուսուցիչ աշխատել: Թեոդիկն իր «Ամենուն տարեցույց»-ում նշում է, որ Քրիսյանը, բացի մանկավարժական ու խմբագրական աշխատանքից, զբաղվում էր սպորտային ակումբերի ստեղծման գործով: Շավարշ Քրիսյանը, հարյուրավոր հայ մտավորականների հետ միասին զոհ է գնում երիտթուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությանը:

Մենք անդրադառնալու ենք «Մարմնամարզ» թերթում տեղ գտած սպորտային միջոցառումներին և 20-րդ դարի սկզբի հայ մարզիկների ձեռքբերումներին ու հաղթանակներին:

You may also like...

2 Responses

  1. 20 Feb, 2015

    […] «Մարմնամարզի» կարևոր առաքելություններից էր հայկական սպորտային ակումբների ստեղծումը: Շավարշ Քրիսյանը, ինքը լինելով մարզիկ և մարմնամարզության ուսուցիչ, խիստ կարևորում էր այդ գործը: Հայկական ակումբների կայացումը, ըստ նրա, առաջնային էր նաև զինվորագրության և ռազմական ծառայությունը հաջողությամբ կատարելու համար: Այդ նպատակով թերթի 1911թ. փետրվարի համարում հրապարակում է հատուկ կոչ և ուղեցույց, որի նպատակն էր աջակցել մարզական ակումբների ստեղծմանը: […]

  2. 20 Feb, 2015

    […] արդեն նշել ենք, Կ.Պոլսում լույս տեսնող «Մարմնամարզ» ամսաթերթի հիմնական նպատակներն էր խրախուսել սպորտի և […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *