Հին հայկական զենքեր

Զենքն իր բուն նշանակությունից բացի նախնադարից մինչև ուշ միջնադար Հայաստանում հանդիսացել է տղամարդու տարազի յուրօրինակ մասը՝ իբրև լրացուցիչ զարդ (դաշույնը կաշվե և մետաղազարդ գոտիով, դաշույնի կարճ տեսակը և կայծքարային ատրճանակը շալե թանձր գոտու մեջ, հովվական մականը այծենակաճի ձախ կրծքի տակ ամրանների մեջ, գոտուց կախված դանակն իր պատյանով և այլն):

Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված էր զենք կրելու և օգտագործելու իրավունքից: Ահա ինչու XIX դարում զինակիր մարդիկ հազվադեպ էին: Նրանք զենքը երբեմն պահում էին տան թաքստոցներում: Զենքերից միայն դաշույնն էր, որ Արևելահայաստանում օգտագործվում էր ինքնապաշտպանության նպատակով: Եվ որովհետև ամբողջ Անդրկովկասում այդ զենքը սովորույթի ուժով անբաժանելի էր մարդուց, տիրակալները հանդուրժում էին այն կրել: Ատրճանակ ու հրացան XIX դարում հայերը գործածում էին սակավ պարագաներում, իսկ Արևմտահայաստանում՝ շատ հազվագյուտ:

Հին հայկական զենքեր

Հայաստանում որպես զենք պահպանվում էին հնագույն մահակը, մական-նիզակը, պարսատիկը, դաշույնը, պարանը և օղապարանը: XIX դարում տակավին նետ-աղեղի գործածություն է դիտվել Սասունում: Ընդ որում նշվածներից մահակները, հովվական կենցաղում պգտագործելուց բացի, գործի էին դրվում նաև կռիվների ժամանակ: Մահակների գնդաձև ծայրերին գամեր խփելով՝ այն գուրզաձև զենքի էին նմանեցնում: Մական-նիզանկներն օգտագործվում էին նիզակախաղերի ժամանակ: Պարանը որոշ տեղերում ծառայում էր լախտախաղերի համար, որոնք պարանամարտի իսկական արտացոլումն էին հանդիսանում: Իսկ պարսատիկն էլ այսօր էլ մանկապատանեկան խաղալիք է, որով XIX դարի բարեկենդանի տոներին թաղակռիվներ էին կազմակերպվում: Պարսատիկն օգտագործվում էր նաև հովվական կենցաղում:

Թեև հայերը զենքեր գործադրելու իրավունքից զրկված էին, այնուամենայնիվ զինագործության արհեստի և արվեստի մենաշնորհը իրենց ձեռքն էին պահում՝ կատարելով պարսիկների, թուրքերի, քրդերի և այլով պատվերները: Կայծքարային ատրճանակների ու հրացանների արծաթագործական նախշեր կատարելիս, նրանք երբեմն գաղափարագիր զարդեր էին ստեղծում, որոնք վարպետների անուն-ազգանունների սկզբնատառերն էին ներկայացնում:

Միջնադարյան Հայաստանում, սակայն, դրությունը այլ էր. Պետության կամ իշխանական իրավասության և հովանավորության տակ գտնվող զինագործությունը երկրի պաշտպանության գործում մեծ դեր էր խաղում: Իշխանությունները այդ զենքերը ձեռք էին բերում նաև օտարներից, մասնավորապես պարսիկներից, որոնք ևս զինագործության հմուտ վարպետներ էին:

Հին և միջնադարյան Հայաստանում հիմնական զենքերն էին՝ նետ ու աղեղը, պարսատիկը, նիզակը, տեգը, գեղարդը, դաշույնը, թուրը, սուրը, սուսերը, սվինը, ակրը, վաղրը, մուրճը, ճկիռը: Պաշտպանողական կիրառություն ունեին վահանը, որի նախնական տեսակը տոհմային կարգերում ընտիր փայտից էր պատրաստվում, զրահաշապիկը, երկաթե սաղավարտն ու դիմակալը: Հակառակորդի ամրոցները հարվածով քանդելու համար կային մեքենաներ, որ Ասիայում և Եվրոպայում նույնպես տարածված էին. դրանք հայտնի էին բաբան, էշ և փիլիկուան անուններով:

Հայ պատմագիրները, հաճախ անդրադառնալով պարսիկների, արաբների, հռոմեացիների, բյուզանդացիների և այլոց հետ ունեցած ռազմական ընդհարումներին, խոսել են նաև հայկական զենքի տեսակների և կռիվներ վարելու արվեստի մասին: Այդ նկարագրություններում ցույց են տրված հայկական զորամասերի տեսակներն ըստ զենքերի, բացահայտված են մենամարտեր վարելու ձևերը, պաշտպանության եղանակները և այլն:

Զենքերի վերաբերյալ գրավոր վկայությունները հաստատվում են հնագիտական նյութերով: Պեղածո սրերը, թրերը, նիզակածայրերը, նետասլաքները, վահանները, զրահատեսակների մնացորդները և այլն ճշտում ու լրացնում են պատմագրության տվյալները: Զենքերի հետ կապված այլ կարգի բազմաթիվ սովորություններ են պահպանել գրավոր աղբյուրները, որոնք վերաբերում են հրամանատարության և ռազմիկների հարաբերություններին, հոգևորականությանն ու կրոնական արարողություններին, ճաշկերույթներին, խաղային վարժություններին, դրոշներին, զինանշաններին և այլն:

Վարդ Բդոյան, Հայ ազգագրություն, համառոտ ուրվագիծ, Երևան, 1974թ.

You may also like...

1 Response

  1. Ramela says:

    Բարև ձեզ հարգելի գործընկերներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *