Շիրակի կոխ: Հնար 13: Շրջում սուզումով
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) գտնվում է ցածր կանգնվածքում, բ) հարձակվելով ցածր կանգնվածքում՝ ավարտում է ձախ ոտքով առաջ քայլը:
Այս դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) կեղծ հարձակում (խփում թաթով և կառչում), որը հակառակորդին կհարկադրի ընդունել ցածր կանգնվածք, բ) կեղծ նահանջ, որը կդրդի հակառակորդին հարձակվել:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ձախով: Բռնել աջ թևատակով հակառակորդի պարանոցը վերջից, ձախով՝ տարանուն ձեռքը:
Կատարումը: Հարձակվողը աջ ձեռքով ձգում է հակառակորդին դեպի իրեն և ցած, նրա գլուխը վերցնում իր աջ թևատակը, իսկ նրա աջ ձեռքը ձախ թևատակը ու ամբողջ մարմնով սեղմում ներքև, այնուհետև, ձախ ձեռքով հակառակորդի աջ ձեռքը բարձրացնելով վերև, իր գլուխը անց է կացնում նրա աջ ուսի տակ և, միաժամանակ նրա աջ ձեռքը բաց թողնելով, ձախ ձեռքով բռնում է նրա տարանուն ազդրը ներսի կողմից (շալվարի ետևի մասից): Այնուհետև, աջ ոտքը ուղղելով առաջ, թեքվում է ետ ու շրջվելով դեպի աջ, ձախ ձեռքով հակառակորդի տարանուն ոտքը վեր է բարձրացնում, իսկ աջ թևատակով նրա գլուխը ցած սեղմելով՝ նրան գլխի վրայով դեպի առաջ է շրջում ու գլորում մեջքի վրա:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքին, հարձակվողի ետևում, իսկ վերջինս նույնպես գետնին կընկնի հակառակորդի գլխի կողմից իր աջ կողքի վրա:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է կտրուկ ետ գցել ոտքերը և ընկնել պարտեր դրության:
Հակահնարը: Փոխադրում պարտեր՝ առջևից սրունքը բռնելով: