Միջնադարյան Հայաստանի զինատեսակները
Հայկական զորքերը գործածել են զենքի շատ տեսակներ և հանդերձանք, զրահ ու պաշտպանական միջոցներ, իսկ դա հնարավոր էր արհեստագործության և առաջին հերթին՝ մետաղագործության իր ժամանակի համար բարձր զարգացման պայմաններում։
Միջնադարյան Հայաստանում զորքի տեսակները կազմվում էին ըստ զենքի տեսակների, որի վերաբերյալ բավականաչափ առատ տեղեկություններ կան հայկական մատենագրական աղբյուրներում։
Միջնադարյան Հայաստանի զորքերի գործածած զենքերի տեսակներն են
- պարսատիկ
- նետ ու աղեղ
- նիզակ (գեղարդ)
- տեգ
- սուր, թուր, սուսեր
- սվին
- շերտ
- սակր
- վաղր
- մուրճ
- մկունդ
- ճիկռ (ճկուռ)
- վարոց
- վահան
- սաղավարտ
- ամեն տեսակի զրահներ
- պարիսպ քանդող և քար նետող մեքենաներ
- հրձիգ նյութեր։
Բերված ցուցակից պարզ երևում է, որ զինագործը կամ սլեհարարը գործունեության լայն ասպարեզ ուներ և տարբերվում էր նետ պատրաստող վարպետից, որին կոչում էին նետրար։ Զինագործության խոշոր կենտրոնները քաղաքներն էին, հատկապես՝ Դվինն ու Անին, ինչի վկայությունը պեղումների ժամանակ հայտնաբերված բազմազան զենքերն են։
Ամենատարածված զենքերից էր նետ ու աղեղը։ Աղեղը պատրաստում էր առանձին արհեստավոր, իսկ նետերը կռում Էր մետաղագործ արհեստավորը՝ նետրարը։ Պատրաստի նետերի ծայրերը այնուհետև ամրացվում էին փայտի կամ եղեգնի վրա։ Անիի, Դվինի և Գառնիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ նետի երկաթե ծայրեր. դրանք շատ բազմազան են թե ձևով ու մեծությամբ և թե գործածության նպատակով։ Հնագետ Կ. Ղաֆադարյանը Դվինում գտնված նետերի սլաքները բաժանում է վեց խմբի՝ ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձև քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր։ Այս տարբերությունները հետևանք են ոչ միայն այն բանի, որ Դվինում գտնվել են տեղականի հետ միասին, նաև թշնամու արձակած նետերի ծայրեր, այլև՝ այն բանի, որ տարբեր գավառներում տարբեր ձևի նետասլաքներ էին պատրաստվում: Տարբեր նպատակի համար տարբեր ձևի և մեծության սլաքներ էին օգտագործվում։ Օրինակ, զրահը ծակելու և ոչ զրահապատ զինվորի մարմնի մեջ խորը վերք բաց անելու համար տարբեր տիպի նետածայրեր էին գործադրվում։
Նետածայրերից շատերը, օրինակ` Անիի միջնաբերդի հյուսիսարևմտյան կողմում Բագրատունիների պալատի պատերի տակ գտնված 500 նետածայրերի մեծագույն մասը, ինչպես նկատել է ակադեմիկոս Հ. Օրբելին, պատկանել են միջնաբերդի վրա հարձակված թշնամուն։
Միջնադարերում գործածում էին նաև թունավոր սլաք. Ներսես Շնորհալին նետի մասին հանելուկում գրում է.
«Օձն փայտ Է թևաւոր,
Տուտն երկաթ Է թունաւոր,
Նա թռչելով խոցէ ի խոր,
Զով հարկանէ մեռնի բոլոր»։
Թեև հայկական զորքերը անուն էին հանել իբրև քաջ և դիպուկ նետաձիգներ, բայց նրանք նետ աղեղից ավելի գործածում էին նիզակն ու սուրը։ Հետևակը, մեծ մասամբ, զինված էր լինում նիզակով, իսկ հեծելազորը՝ սրով և երկար նիզակով, կար և ճոճ նիզակ, որը գործածվում էր մոտիկ տարածությունից թշնամու վրա նետելու համար։
Հետևակը գործածում էր մի քանի տեսակի նիզակ. սովորական նիզակը կոնաձև էր և ուներ կոթառի խողովակաձև անցք, վերջավորվում էր հավասարաչափ նեղացող սուր ծայրով։ Գուցե սրանք էին մկունդ կոչվող բոլորատեգերը։ Այդպիսի նիզակի ծայրեր գտնվել են Դվինում։ Կային և գեղարդաձև նիզակի ծայրեր, որոնք ունենում էին խողովակաձև կոթառ և ձգված տերևաձև կամ երկարուկ շեղանկյունու տեսք ունեցող ծայր։ Դվինում գտնվել է մի խոշոր նիզակի ծայր, որն ունի խողովակաձև կոթառ և համարյա զուգահեռ կողերով, մասսիվ և երկարուկ ծայր, որը վերջում միմիայն եռանկյունաձև սրվում է խոցելու համար։
Հետևակը հեծելազորի դեմ կռվելու համար գործածում էր հատուկ ձևի նիզակներ։ Դրանցից մեկը գտնվել է Անիում և խոցող սրածայրի կողքերից ունի երկու դեպի ետ ծռված կեռ, որոնցով կարելի էր հեծյալին բռնել և քաշելով ցած գլորել ձիուց։ Դվինում գտնվել է մի խողովակաձև նիզակի ծայր, որը կողքից ունեցել է սակր, որի ցածի ետ ծռված ծայրը ծառայում էր նույն նպատակին։
Կեռերով երկաթե զենք գործածել են նաև քաղաքների պարիսպների վրայից կռվող զորքերը։ Լաստիվերտցին պատմում է, թե Մանազկերտի պաշարման ժամանակ սելջուկ զորավարներից մեկը փորձում է պարսպից ներս մտնել, բայց մոտենալով պարսպին հանկարծ սայթաքում, ընկնում է և նրանք ովքեր «ի վերայ պարսպին էին, ձգեալ զճանկ երկաթի՝ կալան զնա և քարշեալ ձգեցին ի ներքոյ պարսպին»։ Մանազկերտցիների զենքը կոչվել է պարզապես ճանկ, իսկ Անիում գտնված կեռերով նիզակը կարելի է անվանել ճանկավոր նիզակ։
Գեղարդաձև կամ տերևաձև նիզակներին շատ նման են տեգի ծայրերը, այն տարբերությամբ, որ սրանք անհամեմատ փոքր են և նետի սլաքների նման կոթի վրա ամրացվել են իրենց երկար ու բարակ ոտքով։ Տեգերը ծառայում էին ոչ շատ հեռու տարածության վրա ձեռքով նետելով թշնամուն հարվածելու համար։ Պատմիչների մոտ տեգը հաճախ կոչված է աշտե, որը գործածական էր նաև որսի ժամանակ։
Նետելու ավելի ծանր զենք էր նաև ռումբը կամ ըռումբը։
Հեծելազորի հիմնական զենքը սուրն էր։ Զենքի այս հատու տեսակը հեծելազորին, նրա արագաշարժության հետ միասին, դարձնում էր մի ահարկու ուժ պատերազմի դաշտում։ Սուրը երկսայրի մի զենք էր, որով հատում-կտրում էին, իսկ ծայրով՝ խոցում։
Երկաթյա մի սուր գտնվել է Անիում` Բագրատունիների պալատի նկուղում։ Սրա երկարությունը 0,96 մետր է, լայնքը դաստակի մոտ 9 սմ, իսկ ծայրի մոտ 5 սմ։ Հայաստանում առավել տարածված էր հենց այս տիպի ուղղաձիգ, լայն, դեպի ծայրը քիչ նեղացող շեղբով սուրը։ Թշնամու զինվորներին հատելով ոչնչացնելու նույն դերը կատարում էր և թուրը, որը կտրում էր միայն մի կողմից, իսկ մյուս կողմից բութ էր լինում։
Գործածական էր նաև սուսերը, որը նեղ և երկար շեղբով սուր ծայրով զենք էր, որով խոցում էին թշնամուն։ Սրան մոտ էր սվինը, որը լինում էր երկսայրի, բայց գործածվում էր առավելապես սուր ծայրով խոցելու համար, երբեմն մոտիկ տարածությունից նետելով։
Մատենագիրները միշտ նշում են, որ այդ զենքերը պողովատիկ էին, փայլատակում էին լույսի տակ, իսկ իշխանավորների սուրն ու սուսերը ունենում էին ոսկեպատ, ականակապ դաստակ և պատյան։
Ուռհայեցին, օրինակ, խոսում է Վասակ Պահլավունու պողովատիկ թրի մասին, որի մի հարվածով քաջ զորավարը կտրում է իր ախոյանի սաղավարտը և գլուխը երկու կես անում։ Այս պողովատիկ սրերը, թրերն ու սուսերները պատրաստվում էին հատուկ տեխնիկայով, բարձրորակ մետաղից, այն է՝ պողպատից և դրա շնորհիվ է, որ կարողանում էին կտրել թշնամու սաղավարտն ու զրահը։
Սրերով մարտի մի տեսարան պատկերված է Մշո Առաքելոց վանքի փորագիր դռան ճակատին։ Այստեղ, ինչպես պետք էր սպասել, սուրը կրողները հեծյալ զինվորներ են։
Հատող զենք էր նաև շերտը։ Դվինում գտնված մանգաղաձև, կտրող բերանով դեպի դուրս զենքը հավանաբար պատմիչների հիշատակած շերտն է։ Սա հետևակի զենք էր հագցված երկար կոթի վրա, որից բռնելով զինվորը թշնամուն հարվածում էր երկու ձեռքի ուժգնությամբ։ Որ շերտը հետևակի զենք էր, երևում է նաև Դվինում գտնված օրինակի կարիչի ցածի կեռաձև հարմարանքից, որով թշնամուն կարելի էր քաշելով վայր գլորել ձիուց։
Գործածական զենքերի թվին էր պատկանում սակրը։ Սա թեթև լայնաբերան կացնի տեսք ուներ. կտրիչ բերանը լինում էր մեկ կամ երկու կողմից։ Մովսես Խորենացին հիշատակում է կացինը և երկբերան սակրը։ Սակրը նույնպես հետևակի զենք էր, որը գործածվում էր երկու ձեռքով հարվածելով կտրելու համար։ Սակրը կարող էր նաև մի կողմից ունենալ հատող բերան, իսկ մյուս կողմից սրածայր մուրճի նմանող հավելված կտուց։ Այսպիսի կտցավոր սակր «ըզսակր կտցուոր` քարհատաց» հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը Լիպարիտ Օրբելյանի զենքերի թվում։
Սակրին մոտ էր նաև նրա դերը կատարող, բայց հավանաբար ավելի ծանր վաղրը։ Վաղրավորներից կազմվում էին այն ծանրազեն ջոկատները, որոնք հարձակվում էին թշնամու զրահավորված զորքի վրա և կտրատում էին կամ ջարդոտում նրանց զրահները, ոչնչացնում նրանց:
Հին և միջնադարյան Հայաստանում կային սակրավոր և վաղրավոր կամ վաղակավոր հատուկ զորամասեր։ Վաղրի կտրիչին հակադիր մասը, հավանաբար, բութ և մասիվ էր, որ Օրբելյանը այն նմանեցնում է դարբնի ծանր մուրճին — ուռնին։ Սակրի և վաղրի նման ու նրանց դերը կատարող զենք էր նաև ճիկռը։ Ուռհայեցին վկայում է, թե Ապլղարիպ Արծրունին հետապնդելով Հեր քաղաքի ամիրային մինչև քաղաքի դուռը, որից ներս մտնելով ամիրան փակվում է պարսպի մեջ, իր «պողովատ ճկռովն հարկանէր զերկաթի դուռն քաղաքին և պատառեալ զերկաթն և յայն դեհն անցուցանէր, որ և անել մնաց ճկռուն մինչև ցայսօր ժամանակի»։ Ուրեմն ճկռի բերանը սակրի պես լայն պետք է լիներ, որպեսզի հանել չկարողանային։
Թվարկված բոլոր զենքերն էլ բարձրորակ պողպատից էին պատրաստված կամ դրովի (զոդած) բերան ունեին, որի շնորհիվ և գործածվում էին թշնամու զինվորների զրահը կտրելու, ապա և նրանց ոչնչացնելու համար։
Իբրև զենք օգտագործել են նաև մուրճը, որով հարված էին հասցնում ախոյանի սաղավարտին, ճկելով սաղավարտը, փշրելով նրա գանգը կամ երբեմն սաղավարտը իջնում էր մինչև թշնամու զինվորի աչքերը և այդ եղանակով զրկում էր նրան մարտունակությունից, ուստի հեշտությամբ կարելի էր ոչնչացնել նրան սրով, նիզակով կամ այլ զենքով։
Անձնական գործածության մշտական զենք էր դաշույնը, որը լինում էր երկսայրի և միասայրի։ Հավանաբար միասայրի կեռ երկար դաշույնն էր որ կոչվում էր նրան: Անիում, Դվինում և Գառնիում 9 — 13-րդ դարերի շերտերից գտնված դաշույնները փոքր են ու միասայրի։ Ըստ երևույթին երկսայրի դաշույնները ավելի հին են եղել և բացարձակապես տիրապետող էին բրոնզի և վաղ երկաթի ժամանակաշրջանում, իսկ հետագայում դաշույնի շեղբին կայունություն է տրվել և հարմարեցվել է մի կողմով կտրելու ֆունկցիային։ Պեղումների ժամանակ հայտնաբերված դաշույններից շատերը այնքան փոքր են, որ նրանց կարելի է շփոթել դանակի շեղբի հետ, բայց նրանք չեն ծալվել, այլ խրվել են պատյանի մեջ, ինչպես և մեծ դաշույնները։ Ահա այս փոքրիկ դաշույններն են, որ աղբյուրներում կոչվում են դաշնակ կամ դաշունակ:
Պատերազմի ժամանակ ռամիկներից հավաքագրվող հետևակը մեծ մասամբ զինված էր լինում վարոցով: Դա հաստագլուխ մահակն էր, որի վրա ամրացված էին լինում գամեր, կամ մետաղից պատրաստվում էր վարոցի ծայրի գունդը իր բազմաթիվ սուր ցցվածքներով և հագցվում փայտե կոթի վրա։ Ժողովրդին մատչելի զենքի այս տեսակն է, որ մտել է «Սասնա ծռեր» վեպի մեջ գուրզ կամ լախտ անվամբ։
Զենքի շատ բազմազան տեսակներ պատկերված են 13 — 15-րդ դարերի ձեռագրերում։
Վահան, զրահ, սաղավարտ պատրաստելը: Թշնամուն ոչնչացնելու հատու զենքերի կողքին միջնադարյան Հայաստանում շատ տարածված էին նաև անձնական պաշտպանական միջոցները — վահանը, սաղավարտը և զրահը։ Վահանավոր հետևակ զորքերը, հարկ եղած դեպքում խիտ շարքերով կանգնելով, վահանափակ պարիսպ էին կազմում մնացած զորքերին պաշտպանելու համար։
Սաղավարտը հայերի մոտ ուներ սովորական սրածայր կոնի տեսք, ծածկում էր նաև մարտիկի քիթը, իսկ կողքերից և ետևից ունենում էր հարմարանք երկաթե հյուսածո ցանց ամրացնելու համար, որպեսզի ռազմիկի վիզը պաշտպանված լիներ սրի կամ թրի հարվածից։
Զրահը լինում էր տարբեր տեսակի: Մետաղե զրահը կարող Էր պատրաստված լինել առանձին մասերից, որոնք իրենց անուններն ունեին՝ թիկնապանակ, լանջապանակ, բազպան (ձեռքերի համար), զանգապան (կոնքերի համար), սռնապան (ոտքերի սրունքների համար), անգամ օդ ոտիցն կամ մոյկ (ոտքերին հագնելու համար)։ Կային և ամբողջական զրահներ հագնելու համար, որ կոչվում Էին զրահ (բարբառով զրեհ)։
Ճօշ կամ ճօշան, ջօշան: Այս զրահը մետաղից ամբողջական ձևով էր պատրաստված և լուսավոր էր, այսինքն մետաղից լինելով փայլատակում էր:
Զրահները սովորաբար պատրաստվում էին պղնձեձույլ տախտակներից, կամ երկաթե տերևաձև սեգմենտների իրար վրա նստող շերտերից — շերտավոր զրահ։ Պատրաստվում էր նաև հաստ մետաղե լարից խիտ ցանցի նման հյուսված զրահը, որը կոչվում էր վերտ: Սա հագնում էին զգեստների վրայից իբրև շապիկ։ Վերտր կամ վիրտը և ընդարձակ մետաղե տախտակներից մասեր ունեցող զրահները պատրաստում էին նաև երկաթից։
Ձիերի առավել խոցելի մասերը ևս պատում էին զրահով։ Ձիու երկաթե մի դիմակալ, ընդելուզված բրոնզե բուսական զարդերով, գտնվել է Սևանա լճում, ափին մոտ ծանծաղ մասում:
Վերնախավի, մանավանդ թագավորների, թագավորազունների և իշխանների զենքերը մշակվում էին հատուկ խնամքով, իսկ զենքերի դաստակները, պատյանները, ձիերի սարքերը զարդարվում էին ոսկով, արծաթով ու թանկագին քարերով և այդ ամենը արվում էր բարձր արվեստով ու մեծ հմուտությամբ և այդ գործին մասնակից էին դառնում նաև պղնձագործները, ոսկերիչները, ակնագործները, կաշեգործները, թամբագործները, թաղեգործները և այլ արհեստավորներ։
Աղբյուր՝ Բաբկեն Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIIIդդ.
6 Responses
[…] Առաքելյան Բ. Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ / Բաբկեն Առաքելյան. [Аракелян Б. Ремесло в містах Вірменії ІХ–ХІІІ ст. / Бабкен Аракелян]. [Електронний ресурс]. – Режим доступу: http://rma.zorakn.org/?p=24 […]
[…] Առաքելյան Բ. Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ / Բաբկեն Առաքելյան. [Аракелян Б. Ремесло в містах Вірменії ІХ–ХІІІ ст. / Бабкен Аракелян]. [Електронний ресурс]. – Режим доступу: http://rma.zorakn.org/?p=24 […]
[…] Ремесло у містах Вірменії ІХ–ХІІІ ст.]. Режим доступу: http://rma.zorakn.org/?p=24 39. Ա. Եղիազարյան, Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց, Երևան 2016, 120 […]
[…] Picture 11. Arrowheads (Dvin). – Arakelyan B. Cities and Crafts in Armenia 9 – 13 cc. (in Arm.). Available at:http://rma.zorakn.org/24 […]
[…] և միջնադարյան Հայաստանում հիմնական զենքերն էին՝ նետ ու աղեղը, պարսատիկը, նիզակը, տեգը, գեղարդը, դաշույնը… Պաշտպանողական կիրառություն ունեին վահանը, որի […]
[…] 38. Բ. Առաքելյան, Հայաստանում և արհեստները Հայաստանում IX – XIII դդ. [B. Arakelyan, Craft in the cities of Armenia in the IX-XIII centuries]. Access mode: http://rma.zorakn.org/?p=24 […]