Կոխ. հայկական ազգային ըմբշամարտ
Կոխը ռազմաֆիզիկական նշանակություն ունեցող հայկական ազգային մենամարտի տարատեսակ է: Այն կազմել է նաև ազգային տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների և այլ հավաքույթների անբաժան մասը: Հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գուռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի և այլն:
Դեռևս միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել հատուկ տեղեր, որոնք կոչվել են գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ: Մրցումները կազմակերպել և անցկացրել են հատուկ անձինք (մարտադիրներ, գուպարադիրներ, մարտուսույցներ): Ըմբիշներից հայտնի են Սադուն Արծրունին (XIIIդ.), Հակոբ Ջուղայեցին (XVIIդ), Սիմոն Փահլիվունը, Գագիկը և այլն:
Խորհրդային Հայաստանում կազմվել է կոխի մրցումների կանոնադրություն: 1922-ից սկսած ՀԽՍՀ-ում անցկացվում են կոխի մրցումներ պատանիների, երիտասարդների և մեծահասակների միջև՝ համապատասխան քաշային կարգով: Մրցումն անցկացվում է 9×9 մ հատուկ գորգի վրա, երաժշտության ներքո: Այն սկսվում է պարով (1 րոպե), ապա մրցավարի սուլոցից հետո սկսվում է գետոմարտը, տևում 6-8 րոպե: Կոխը կարող է ավարտվել մաքուր հաղթանակով, կամ հաշվի են առնվում վաստակած միավորները: Հանրապետական առաջնության մրցումներում երեք տարի անընդմեջ հաղթողը դառնում է սպորտի վարպետ:
Կոխ մարզաձևի հնարքներն ու տեսակները շատ են, սակայն ամենատարածվածն են Լոռվա և Շիրակի կոխը: Առաջինի դեպքում մարզիկները մրցում են վերնահագուստով, «ոտք են գցում», սակայն ձեռքով չեն բռնում մրցակցի ոտքը: Երկրորդ դեպքում՝ մրցում են մերկ իրանով և ձեռքով կարող են բռնել մրցակցի ոտքը:
Մարտից առաջ մարզիկները կանգնում են գորգի հակառակ անկյուններում և դատավորի ազդանշանից հետո, պարեղանակի տակ շարժումներ անելով, մոտենում են միմյանց: Պարային այս շարժումների նպատակն է «տաքացնել» մկանները և նախավարժանք կատարել: Մենամարտը սկսելուց առաջ մարզիկը բարձրացնում է աջ ձեռքը և հակառակորդի աջ ձեռքի ափին հարվածելուց և միմյանց հրելուց հետո սկսվում է պայքարը:
Մարտի ավարտին ըմբիշները կրկին հեռանում են իրենց անկյունը և սպասում գլխավոր մրցավարի որոշմանը: Այնուհետև մոտենում են գորգի կենտրոնին, որտեղ մրցավարը, բարձրացնում է հաղթած մարզիկի ձեռքը:
Կոխի մրցման ժամանակ մարզիկները կանգնում են աջ, ձախ կամ ճակատային դիրքով: Կիրառվում է նաև պարտեր դիրքը, երբ մարզիկը ծնկներով և ձեռքերով հենված է լինում գետնին: Կամուրջ դիրքում ըմբիշն արտակորում է մեջքը՝ գլխով ու ներբաններով հենվելով գետնին:
Սիրով ձեզ ենք ներկայացնում կոխի մի քանի հնարներ, որոնք վերցված են Գևորգ Թումանյանի կազմած ուղեցույցից: