Գոտեմարտը Նոր Նախիջևանում
Սպորտային խաղերն ու մրցույթները տարածված էին տարատեսակ միջոցառումների, տոնակատարությունների և ուխտագնացությունների ժամանակ: Դրանք անցկացվում էին երգ-երաժշտության, ժողովրդական խաղերի, ուրախ տրամադրության ներքո: Դրանց նպատակն էր ցուցադրել հատկապես երիտասարդների ուժն ու ճարպկությունը: Մրցումներն լինում էին ինչպես անհատական, այնպես էլ խմբային: Հայ ազգագրության ուսումնասիրություններում կան այդպիսի միջոցառումների բազմաթիվ նկարագրություններ: Հատկանշական է, որ Հայաստանի տարբեր շրջաններում մրցույթների կանոնները տարբեր էին, և առաջին հայացքից նույն սպորտաձևն ուներ հաղթանակի, պարտության, պարգևատրման ու հաղթանակը տոնելու տարբեր ձևեր:
Ազգային խաղերից մեկի՝ գոտեմարտի, կամ ինչպես ընդունված էր ժողովրդական խոսքում՝ «գուռաշի» ուշագրավ նկարագրություն է արձանագրել ազգագրագետ Երվանդ Շահազիզը՝ Նոր Նախիջևանի հայերին նվիրվածիր ուսումնասիրության էջերում:
Ուխտագնացություններին նախիջևանցի գյուղացիների գլխավոր զվարճություններից մեկն է գոտեմարտությունը, որ կոչվում է «գուռաշ»: Գուռաշը կատարում են գյուղացի կտրիճները և դրանով քաջության համբավ են ձեռք բերում թե յուրյանց համագյուղացիների, թե բոլոր հայ գյուղացիների և թե իրենց հարսնացուների ու հավանած աղջիկների աչքին:
Հանդիսատես ուխտավորներից, գլխավորապես գյուղացիներից մի ընդարձակ կրկեսի ձևով շրջան է կազմվում, որի մեջտեղը դրվում է գոմեշի գլուխ: Ասպարեզ են դուրս գալիս գուռաշ եկողները և պտույտ գալով գլխի չորս կողմը, աշխատում են հարմարությամբ իրար բռնել և գոտեմարտելով վայր գլորել ու չոքել հակառակորդի կրծքին, որ հաղթության նշանն է: Հաղթողը ստանում է շրջապատողների խրախուսանքը ու գովասանքը և իբրև հաղթության նշան տեր է դառնում գոմեշի գլխին, որ ուժի ու քաջության խորհրդանիշն է:
Հին ժամանակները, երբ այդ օրերին սովորություն է եղել և գոմեշ մորթել, ասպարեզ է հանվել և գոմեշի թարմ գլուխը և հաղթողն իր հաղթանակն եփել, կերել է իր համագյուղացիների կամ, լավ է ասել, իր թաղեցիների հետ, և զվարճացել ու ուրախություն է արել: Իսկ այժմ, երբ արդեն գոմեծ չի մորթվում, ասպարեզի մեջտեղը սովորաբար դրվում է գոմեշի գանգը և հաղթողը քեֆ է անում իր թաղեցի կտրիճների հետ, որոնք մեծ պարծանք են համարում իրենց համար, որ իրենց թաղն է հաղթող դուրս եկել, և հպարտանում են մյուս թաղեցիների առաջ:
Այդ քեֆերի ժամանակ հաճախակի կռիվ է պատահում հաղթող կտրիճ թաղեցիների հետ, որոնք, իհարկե, նախանձում են, չեն կարողանում դիմանալ և չպատասխանել իրենց հակառակորդների կծու ակնարկություններին ու սրաբանություններին:
Հաղթանակը տանող և անհաղթ մնացող գուռաշ եկողների անունները երկար ժամանակ մնում են ժողովրդի բերանում և խոսք ու զրույցի առարկա դառնում: Հին ժամանակներից, օրինակ, պահպանվել է մի «կարճուկ Մառթին» անունով կտրիճի անուն, որ միշտ հաղթող է եղել և որի մեջքը, ինչպես ասում են, երբեք գետնին չի կպել: Նրա՝ այդ Մառթինի մասին մինչև անգամ երգ է կապվել, որի մեջ «կարճուկին» շռայլած գովասանքների հետ միասին կա և գուռաշի նկարագրությունը:
Հեյ, մեդի, գացեք մեյդան
Ի՞նչ այդպես առաջև կուգան.
Զարկ խամչին, տուն մի նայիր,
Հոնեն ալ կըլնայ սէիր
Թող էլլին կտրիճները:
Ո՞ւր է գոմեշին կլոխը,
Թող մեյդան գայ ունեցողը,
Տէ, հածէ, տէվէ խալտրան,
Աթխուլախ, այու երխան
Հապա դուն, կարճուկ Մառթին,
Ինչո՞ւ կնայիս հալխին:
Իշտէ կարճուկ Մառթինը
Կայնեց Ակոբին առջևը,
Էկան գոդի գոդիի,
Առնուեցան ձեռք ձեռքի
Թընդաց տակը գետինը,
Հավա էլլան թոզերը:
Տաքցան, ասլան կըտրեցան,
Չորս քովը պըտըտուեցան.
Ակոբը փաթթըվեցավ,
Ու մեջքէն խափմիշ արաւ.
Մառթինը մէկէն բռնից,
Ճըկից, վերուց թապլից:
Էլլան տահա կըտրիճներ,
Ան Մառթինին հիչ բան չէր,
Նորա գալ էր պատռածը,
Գիտէ ալայ աշխարքը.
Նա օմուզին վրայէն,
Օպա թապլած կըտրիճ է:
Կարճուկ Մառթինին ուժին
Ուժ չի հասնի հէչ մեկին.
Աիֆֆերիմ, կարճուկ Մառթին,
Նամ իս տուն գեղացիին.
Տուն առիր ան կըլոխը,
Քրտինքիտ հելալ հախը:
Ծօ, Մառթին, մեյնակ չուտիս,
Մեր փայն ալ քիչ մը պահիս,
Կոլխուն համը մենք ալ տեսնունք,
Քու ուժէդ մենք ալ առնունք,
Քեզի պէս ասլան կտրինք,
Գալ պատռինք, օպա զըրչինք:
Բառարան
Սէիր – հանդիսություն, Մէյդան – հրապարակ, ասպարեզ, Տէվէ-խալտրան – ուխտ բարձրացնող, Աթխուլախ – ձիու ականջ, Այուերխան – արջ գլորող, Հալխ – ժողովուրդ, Հավա ըլլալ – բարձրանալ, Խափմիշ անել – բռնել, Ալայ – բոլոր, Օմուզ – ուս, Նամ – անուն, հռչակ, Օպա – սար:
Աղբյուր՝ Երվանդ Լալայան, ազգագրական հանդես, գիրք 9, Թիֆլիս, 1902թ.