Շիրակի կոխ: Հնար 3: Պոկում ետ
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) հարձակվում է վարժակցի վրա, բ) ուղղվելով ընդունում է բարձր կանգնվածք:
Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝
ա) նահանջել ետ, նպատակ ունենալով հակառակորդին հարկադրել դիմելու հարձակման, բ) աշխատել հակառակորդին կռացնել առաջ, որպես պատասխան գործողություն, նա ուղղվի և ընդունի բարձր կանգնվածք:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ճակատային: Երկու ձեռքով բռնել հակառակորդի տարանուն նախաբազուկները՝ դաստակների մոտ:
Կատարումը: Ետ նահանջելով, հարձակվողը հանկարծ հակառակորդի երկու ձեռքը ուժեղ ձգում է դեպի իրեն՝ վեր ու բաց թողնելով բռնվածքը, իրանը թեքում է առաջ, ձախ ոտքով մի քայլ է կատարում առաջ, կտրուկ կքանստում է, գլուխը բերում է հակառակորդի աջ ուսի տակ ու ձեռքերով դրսից բռնում վարժակցի շալվարը (տարանուն ոտքերի ազդրերի ետևի մասում): Միաժամանակ նա աջ ոտքը դնում է առաջ, երկու ոտքերի կտրուկ և ուժգին շարժումով ուղղվում է և, մեջքը արտակորելով, իր որովայնով խփում է հակառակորդին և ընկնելով ետ, նրան իր հետ ներքև է քաշում: Գլուխը և ձախ ուսը գորգին մոտենալու պահին հարձակվողը դեպի ձախ է շրջվում և հակառակորդի մեջքը սեղմում է գորգին:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, իսկ հարձակվողը կընկնի երեսնիվայր՝ վարժակցի ոտքերի միջև, նրա վրա:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է ձեռքերով հենվել հակառակորդի կրծքին կամ կզակին և մարմինը ետ տալ:
Հակահնարները՝ ա) ետգցում՝ հակադարձ բռնելով հակառակորդի իրանը, բ) ետգցում՝ առջևից բռնելով հակառակորդի պարանոցը և համանուն ազդրը՝ ներսից, գ) կառչում դրսից (երկու ոտքով)՝ բռնելով հակառակորդի պարանոցն ու տարանուն ձեռքը: