«Մարմնամարզ». Ֆիզիկական վարժանքներ
Կ.Պոլսում հրատարակվող «Մարմնամարզ» ամսաթերթը հրապարակում էր ֆիզիկական և սպորտային վարժություններ, որոնք միտված էին տնային պայմաններում մարզումները խթանելուն: Թերթի հիմնադիրները գտնում էին, որ հայերի՝ հատկապես քաղաքային բնակչության համար դա խիստ անհրաժեշտ է: Հենց առաջին համարում տպագրված հոդվածում հեղինակները ցավով նշում էին, թե հայ հասարակության շրջանում ֆիզիկական վարժանքները շատ քիչ տեղ ունեն և մատնանշում այդ բացթողումը լրացնելու ուղիները:
«Մարմնամարզը»,– գրում էր Շավարշ Քրիսյանը,– ուրիշ բաներե ավելի ընթերցողին պետք է ըսե թե ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս, որքա՞ն, ե՞րբ և ի՞նչ պայմաններու մեջ պետք է մարզանք ընել: Այս նպատակով ձեռնարկած ենք հաջորդաբար հրատարակել մարմնամարզական դասընթաց մը, որ պիտի բաղկանա տեսական և գործնական մասերե»:
Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Քրիսյանը փորձում էր ներկայացնել ֆիզիկական վարժությունների նշանակությունը, համեմատություններ անում այդ ժամանակվա գիտական, առողջապահական հոդվածներին ու տեսակետներին: Մարզվողների գործը հեշտացնելու նպատակով, բացի նկարագրություններից, թերթում տպագրվում էին վարժանքները կատարելու գծանկարները, որոնցից մի քանի ներկայացնում ենք մեր ընթերցողներին, իսկ ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ: