Շիրակի կոխ: Հնար 5: Ուսագետնում
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու համար ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) նահանջելով ձախ ոտքը ետ է դնում, բ) թեքվելով ետ, դեպի իրեն է ձգում վարժակցին:
Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) ստիպել հակառակորդին նահանջել, բ) դիմել ձեռքերով կողմ ձգումների՝ ստիպելով հակառակորդին հարձակվողին քաշել դեպի իրեն:
Ելման դրությունը: Կանգնվածք՝ երկուսն էլ աջով: Ձախ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, աջով՝ տարանուն ձեռքը:
Կատարումը: իրանը կտրուկ թեքելով աջ, ու ձախ ոտքով առաջ՝ աջ քայլ կատարելով՝ թեթև կքանստել, գլուխն անցկացնել հակառակորդի ձախ ուսի տակ, միաժամանակ ձախ ձեռքով բռնել նրա շալվարը համանուն ազդրի ետևի կողմից: Հետո բռնած ոտքը կտրուկ վեր բարձրացնել դեպի իրեն՝ ձախ, և միաժամանակ ձախ ուսով հակառակորդի որովայնը հրելով դեպի առաջ, նրան գցել մեջքի վրա:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողի ձախ ոտքի առաջ, իսկ վերջինս՝ ձախ ծնկին և ապա հակառակորդի կրծքին:
Պաշտպանությունը՝ ա) պաշտպանվելու համար պետք է ձեռքերով հենվել հակառակորդի իրանին և, դնելով ձախ ոտքը, թույլ չտալ բռնել այն,
բ) եթե հարձակվողին հաջողվել է բռնել ոտքը, ապա անհրաժեշտ է ազատել ոտքը՝ աջ ձեռքով վեր ձգելով նրա տարանուն ձեռքը և բռնված ոտքը հարձակվողի ոտքերի միջև անցկացնելու միջոցով,
գ) եթե այդ չի օգնում,անհրաժեշտ է բռնված ոտնաթաթերի երեսով ներսից հենվել հակառակորդի ոտքերին, խանգարելով նրան նետում կատարել:
Հակահնարները՝ ա) կառչում թաթով դրսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքը, բ) փաթաթում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքը: