Սիմոն փահլևանի գոտեմարտը քուրդ ցեղապետների հետ
Մենք արդեն պատմել ենք Սիմոն փահլևանի և նրա մարզիչ Արթինի մասին: Այսօր ձեզ կներկայացնենք հայկական հասանիքից մի դրվագ, երբ պսակի արարողության ավարտից հետո հյուրերի ներկայությամբ մրցում են ըմբիշները:
Սիմոն Փահլևանի կյանքի մանրամասները ներկայացնող Հրանտ Գ.-ն իր «Սիմօն Փէհլիվան. Համբաւաւոր հայ ըմբիշը» գրքում նշում է, որ Սեբաստիայի հարսանիքներն անպայման ուղեկցվում էին ըմբշամարտով: Հարսանքավորները մեծ շրջան էին կազմում, գետնին գցում թանկարժեք գորգեր, որոնց վրա իրենց ուժն էին չափում ըմբիշները: Պարտվող մարզիկին փոխարինում էին ուրիշները, իսկ հաղթողը պարտավոր էր գոտեմարտել իր դեմ ելնող բոլոր ցանկացողների հետ:
Նկարագրված հարսանիքին մասնակցում էին նաև քրդեր՝ իրենց աշիրարեթապետերի հետ: Սիմոնի առաջին մենամարտը Ջալալի աշիրարեթապետ Հասո բեկի հետ էր: Այն շատ կարճ է տևում՝ Սիմոնը բարձրացնում է նրան, ուժգին հարվածում գետին, ապա աջ ոտքը դնում է նրա ծոծրակին ու բարձրացնում ձեռքը, որը հաղթանակի նշան էր: Դրանից հետո ըմբիշները գրկախառնվում են ու համբուրվում:
Սիմոնի հաջորդ ախոյանը Գարաբաբախ քրդական աշիրեթի առաջնորդ Սլո բեկն էր: Նա շատ ավելի ուժեղ ու վտանգավոր ախոյան էր: Մինչև մենամարտը սկսելը ըմբիշները մոտենում են միմյանց, ողջագուրվում: Այնուհետև յուրաքանչյուրն իր աջ ձեռքը դնում է հակառակորդի ծոծրակին, երեք անգամ շրջան կատարում և կտրուկ հարձակվում: Սլո բեկը մի քանի անգամ փորձում է գետնել Սիմոնին, սակայն նա, իր ուժի ու ճարպկության շնորհիվ, դուրս է գալիս հակառակորդի օղակից: Այնուհետև Սիմոնը բռնում է հակառակորդի վզից և իր երկաթե մկաններով սեղմում իրանը: Նա ցանկանում էր այդպես թուլացնել հակառակորդին և գետնել:
Մեկ անգամ քուրդ աշիրեթապետը կարողանում է մեջքի վրա նետել Սիմոնին, սակայն նրա թիակները գետնին չեն դիպչում. Սիմոնը «կամուրջ» (мост) դիրքն է բռնում՝ հենվելով գլխի, արմունկների և ոտքերի կրունկների վրա: Սիմոնը հարձակվում է Սլո բեկի վրա, գլխից և ոտքերից բռնելով բարձրացնում է նրան և գոչում.
– Սլո բեկը պարտվեց…
Սակայն մենամարտի դիտող քրդերն ասում են՝ ո՛չ, ո՛չ, չի՛ պարտվել: Դրանից հետո հայազգի ըմբիշը աշիրեթապետին նետում է գետնին, ծունկը դնում նրա կրծքին, ձախ ձեռքով գլուխը, իսկ աջով՝ ոտքերը սեղմում գետնին ու բացականչում.
– Հիմա՞ էլ չի պարտվել…
Քրդերից ոչ ոք ձայն չի հանում: Իսկ դժգույն Սլո բեկը առանց ողջագուրվելու դուրս է գալիս մարտագորգի վրայից: Կարճ ժամանակ անց բոլոր քրդերը նստում են ձիերը և առանց հրաժեշտ տալու՝ հեռանում: