Շիրակի կոխ: Հնար 6: Ուսագետնում վերկանգով
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը հարձակվում է բարձր կանգնվածքում: Այդ դրությունը ստեղծելու լավագույն գործողությունը կեղծ նահանջն է, որը կստիպի հակառակորդին դիմելու հարձակման:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Երկու ձեռքով բռնել հակառակորդի տարանուն ձեռքերը՝ արմունկներից բարձր:
Կատարումը: Իրանը կտրուկ թեքելով առաջ՝ հարձակվողը ձախ ոտքով կատարում է մեկ քայլ առաջ, ձախ կողքով դեպի հակառակորդն է դառնում, գլուխն անցկացնում նրա ձախ ուսի տակ, ձախ թևի նախաբազուկով բռնում նրա համանուն ազդրը, իսկ աջ ձեռքով կտրուկ կերպով նրա թևը ձգում է դեպի իրեն՝ աջ: Այնուհետև հարձակվողը աջ ոտքը մոտեցնելով ձախին, երկու ոտքի կտրուկ ուղղումով ու մեջքը արտակորելով, միաժամանակ աջ ձեռքի ճիգով դեպի աջ՝ ցած, իսկ ձախով դեպի վեր շարժումով, հակառակորդին կտրում է գորգից: Այնուհետև, աջ ոտքով անելով մի քայլ ետ և ոտքը դնելով ծնկի վրա՝ իրանի կտրուկ առաջ թեքման և ձեռքով դեպի ցած ձգման շնորհիվ գետնում է հակառակորդին:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողի աջ ծնկի առջևում, իսկ վերջինս՝ իր աջ ծնկին և ապա հակառակորդի կրծքին, նրա գլխի կողմից:
Պաշտպանությունը՝ ա) պաշտպանվելու համար պետք է իրանը առաջ թեքել և ձախ ոտքը ետ դնել,
բ) եթե հարձակվողին հաջողվել է ձախ ոտքը բռնել, ապա անհրաժեշտ է կքանստել և ոտքը գորգին սեղմելով միաժամանակ աջ ոտքի սրունքով դրսից կառչել հակառակորդի տարանուն ոտքից,
Հակահնարները՝ ա) թևի ետգցում՝ հակառակորդի տարանուն թևը արմնկածալով բռնելով, բ) կառչում դրսից, վերևից հակառակորդի պարանոցը թևի հետ բռնելով: