Լոռվա կոխ: Հնար 5: Կառչում ոտնաթաթով՝ դրսից
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝
ա) ձախ ոտքը շատ առաջ է դրել
բ) խաչաձևել է ոտքերը
գ) ծալելով ոտքերը՝ վարժակցին ձգում է դեպի իրեն:
Այդ դրությունները ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝
ա) հակառակորդին ետ հրելով՝ նստեցնել ձախ ոտքի վրա.
բ) ստիպել հակառակորդին շարժվել ձախ
գ) ստիպել հակառակորդին ձգել հարձակվողին դեպի իրեն:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողն աջով, հակառակորդը՝ ձախով: Աջ և ձախ ձեռքերով բռնել հակառակորդի տարանուն թևերը:
Կատարումը: Ձախ ոտքի վրա ոստնելով դեպի հակառակորդի նույնանուն ոտքը՝ հարձակվողը այդ ոտքը դրսից դնում է այնպես, որ նրա ծայրը գտնվի հակառակորդի ձախ ոտնածայրի հետ մի ուղղության վրա: Որից հետո, ծունկը քիչ ծալելով, կքանստում է նույն ոտքի վրա, ծալում իր աջ ոտքը, ծնկում ու դրսի կողմից ոտնաթմբով կառչելով հակառակորդի ձախ սրունքից (հետևի կողմից), կտրուկ ուղղում է ձախ ոտքը: Ապա աջ ոտքի դեպի վեր-ձախ ուժեղ շարժումով (ուղղելով նաև աջ ոտքը), հակառակորդի բռնած ոտքը ուղիղ իր առջևում որքան հնարավոր է դեպի վեր է բարձրացնում: Միաժամանակ նա ձեռքերով և իրանով կտրուկ շարժվում է դեպի ետ ու աջ՝ ցածր, այսինքն՝ աջ ձեռքով՝ դեպի աջ՝ ցած, իսկ ձախ ձեռքով՝ դեպի վեր՝ աջ: Երբ հակառակորդը, կորցնելով հավասարակշռությունը, սկսում է վայր ընկնել, հարձակվողն իր ծնկում ծալված աջ ոտքը դնում է ցած, ներբանի վրա, դեպի աջ՝ ետ:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ հարձակվողից աջ ու ետ, իսկ վերջինս կմնա ոտքի վրա կանգնած:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է դառնալ դեպի ձախ՝ ձախ ոտքը դնել ոտնածայրի վրա, մարմնի ծանրությունը փոխադրել առաջ, կամ, պարզապես, ոտքն ազատել կառչումից ու դնել ձախ, այսինքն՝ հարձակվողի աջ ոտքից դուրս:
Հակահնարը: Խփում թաթով (դեպի ձախ) տարանուն թևքերից բռնելով: