Սիմոն փահլևանը հաղթում է հույն ըմբիշին
Հույն նշանավոր ըմբիշ Բանանի Փեհլիվանը հայտնի էր իր ուժով և հաղթանակներով: Նա եկել էր Կ.Պոլիս և ցուցադրական մարտեր էր անցկացնում: Դրանցից մեկին ներկա է լինում նաև Սիմոնը: Հույն ըմբիշը հաղթում է իր հակառակորդին և մարտահրավեր նետում ներկաներին: Սիմոնը ոտքի է կանգնում և հայտարարում, թե պատրաստ է մրցել Բանանիի հետ: Սիմոնի ընկերները, տեսնելով հույնի ուժն ու հմտությունը, փորձում են համոզել Սիմոնին հրաժարվել մենամարտի գաղափարից: Սակայն Սիմոնն անդրդվելի էր, և նշանակվում է մենամարտի օրը:
Շատերը նույնիսկ չէին լսել Սիմոնի անունը, իսկ հույն մարզիկը հայտնի էր նաև Եվրոպայում նվաճած հաղթանակներով: Հատկապես թերահավատ էին հույները, ովքեր ծաղրում էին Սիմոնին՝ նախօրոք կանխատեսելով նրա պարտությունը:
Մենամարտից առաջ թե հայերը, թե հույները նկարել էին իրենց մարզիկի հաղթանակը պատկերող նկարներ և տարածում էին հանրային վայրերում՝ միաժամանակ պոկելով հակառակորդի նկարները:
Մենամարտի օրը, երբ մրցասպարեզ է դուրս գալիս Սիմոնը, դահլիճը թնդում է հայերի ողջույնի բացականչություններից: Մարզիկները ողջունում են իրար և սկսվում է մենամարտը:
«Երկու ըմբիշները նախ իրարու ձեռք սեղմեցին, հետո Բանանին իր աջ ձեռքը դրավ Սիմոն փահլևանի ծոծրակին և այս վերջինն ալ փոխադարձաբար իր ձեռքը դրավ Բանանի փահլևանի ծոծրակին վրա: Երկու ըմբիշները պզտիկ շրջան մը ըրին բեմին վրա և իրարու փաթթվեցան»:
Երկուսն էլ իրենց մարմիններն օծել էին հատուկ յուղով, ինչը դժվարացնում էր հակառակորդին գրկելը և հնարքների կիրառումը: Մի պահ Սիմոնը հայտնվում է շատ անբարենպաստ դիրքում՝ գլուխը Բանանիի սրունքների միջև: Հույնը ըմբիշը ամբողջ ուժով սեղմում էր Սիմոնի վիզը, ու երակներն արդեն ուռչել էին, դեմքը՝ կարմրել ու մկանները պրկվել: Սիմոնի ընկերները նույնիսկ ուզում էին մարտը դադարեցնել՝ վախենալով ցավալի հետևանքներից: Սակայն Սիմոնը կտրուկ հրվում է գետնից և ուղղվելով ետ է շպրտում Բանանիին, ով օդում պտույտ գործելով կանգնում է ոտքերի վրա:
Սիմոնը նորից հարձակման է նետվում. նա ձախ ձեռքը դնում է հույն մարզիկի կզակի տակ և աջով գրկում նրան: Բանանին փորձում է դուրս պրծնել նրա ձեռքերից, սակայն ապարդյուն: Սիմոնն աստիճանաբար սեղմում է հույնին, այնուհետև նրա գլուխն առնում ձախ թևի տակ և ամբողջ ուժով սեղմում: Սիմոնը աստիճանաբար գետնից պոկում է Բանանիի մարմինը և խոսքը ներկաներին ուղղելով՝ գոչում.
– Ո՞ւր թալեմ…
Հայերն ու Սիմոնի ընկերները ուրախությամբ գոչում են.
– Թալե, ուզածդ տեղը թալե…
Սիմոնը մի կողմ է նետում հույնի թուլացած մարմինը, իսկ իրենց հայրենակցի հաղթանակից ցնծացող հայերը գրկում են Սիմոնին, նստեցնում ուսերին և պտտեցնում սրահում: