Փարպեցի ըմբիշները

Համահայաստանյան սպարտակիադայի մասնակիցները մեծ հուզմունքով էին սպասում, թե երբ է սկսվելու սպորտային լարված պայքարը: Բոլորը հետաքրքրվում էին իրենց մրցակիցներով, «բաժանում» մրցանակային տեղերը: Իսկ Աշտարակի շրջանի Փարպի գյուղի ըմբիշները հաստատապես որոշել էին պայքարել թիմային առաջին տեղի համար: Դեռևս մինչև սպարտակիադան, փնջերում հաղթող ըմբիշները թիմային առաջնությունը արդեն շնորհել էին նրանց, որովհետև մի քանի տարի շարունակ նրանք իրենց ձեռքում էին պահում «Կոլտնտեսական» ընկերության չեմպիոնի կոչումը:

Փարպեցիները սիրում են ըմբշամարտը, և համառ, սիստեմատիկ մարզումներով բարձրացնում են իրենց սպորտային վարպետությունը: Գյուղի ավելի քան 50 երիտասարդ կոլտնտեսականներ ընդգրկված են ֆիզկուլտուրայի կոլեկտիվի ըմբշամարտի թիմերում: Սիստեմատիկ և շուրջ տարվա մարզում — այս է փարպեցի սպորտսմենների հաջողության գաղտնիքը:

Փարպեցի ըմբիշները

Փարպեցի ըմբիշները: Ա. Փիլիպոսյանը, Բ. Գրիգորյանը, Ս. Ղազարյանը

 

Փարպիում մեծ նշանակություն են տալիս ներկոլեկտիվային մրցումներին: Յուրաքանչյուր մրցում, որը հաջորդում է ուսումնական ծրագրով անցկացված նյութին, ամրապնդում է նրանց ունակությունները: Սովետական Միության և աշխարհի լավագույն ըմբիշների փորձի ուսումնասիրությունը օգնում է սպորտսմեններին ավելի կատարելագործվել սպորտի իրենց սիրած այդ ձևում: Ուժը և տեխնիկան ըմբիշի մոտ պետք է զուգակցվեն: Այդ նպատակով էլ փարպեցիների մարզումների պլանում մեծ տեղ է տրվում ֆիզիկական ընդհանուր պատրաստականությանը: Թեթև ատլետիկան, ծանրության բարձրացումը, դահուկային սպորտը ալպինիզմը և այլն Փարպիի ըմբիշների սիրելի զբաղմունքն են: Համահայաստանյան սպարտակիադայի մրցումներին մասնակցելու եկած Աշտարակի շրջանի ըմբիշների հավաքական թիմը հիմնականում կոմպլեկտավորված էր Փարպի գյուղի ըմբիշներով:

Երկու օր տևեց առաջնության պայքարը: Այս անգամ էլ, ինչպես «գուշակել» էին ռեսպուբլիկայի ըմբիշներն ու սպորտասեր հասարակությունը, Աշտարակի թիմը նվաճեց առաջնությունը: Իրենց քաշային կարգում մարտը վարելու հմտություն ցուցաբերեցին Բ. Գրիգորյանը, Ա. Փիլիպոսյանը և Ս. Ղազարյանը: Նրանք արժանացան ռեսպուբլիկայի չեմպիոնի բարձր կոչման: Երեք չեմպիոն՝ մեկ գյուղից: Ըմբշամարտելու բարձր տեխնիկա ցույց տվեցին թիմի անդամներ Ա. Ավետիսյանը, Ա. Պողոսյանը և Բ. Պողոսյանը: Այս վերջին նվաճումը չէ: Գյուղական սպորտսմենները առաջիկայում էլ բարձր կպահեն հաղթողի դրոշը:

Ս. Հակոբյան, Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 8 հուլիսի, 1956թ., կիրակի

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *