Լոռվա կոխ: Հնար 12. Շալակում
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝
ա) չծալելով ոտքերը՝ մարմնի ծանրությունը փոխադրել է առաջ՝ ոտնածայրերի վրա.
բ) մեծ ոստյուններով շարժվում է դեպի ձախ՝ ցանկանալով անցնել հարձակվողի մեջքի կողմը: Հնարը պետք է գործադրել այն պահին, երբ հակառակորդը սկսում է ուղղել ոտքերը, պատրաստվելով հաջորդ ոստյունին:
Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝
ա) ստիպել հակառակորդին կանգնել երկու ոտնածայրերի վրա.
բ) հակառակորդի ձեռքերից դեպի ետ ու աջ ձգելով նրան ստիպել դեպի ձախ շարժվել.
գ) արագ ետ գնալ ու հակառակորդին իր ետևից քաշել, ապա հանկարծ ձեռքերով ուժեղ ձգել նրան ու մեջքով դեպի նա դառնալով կատարել գցումը:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը աջով, հակառակորդը՝ ճակատային:
Աջ ձեռքով բռնել հակառակորդի չուխայից՝ կրծքի աջ կողմում (այնպես, որ աջ ձեռքի դաստակի դրսի մասը դառնա դեպի ցած), և ձախով՝ նույնպես նրա չուխայից՝ կրծքի ձախ կողմում:
Կատարումը: Ձախ կողմով դեպի ետ դառնալով (կրունկից անցնելով ոտնածայրին), հարձակվողը իր ձախ ոտքը տանում է դեպի աջ (դեպի իր աջ ոտքի ետևի կողմը): Իր ձախ ոտքը աջին մոտեցնելու պահին նա երկու ոտքի վրա կտրուկ կքանստում է այնպես, որպեսզի մտնելով հակառակորդի տակ, ձեռքերով շալակի նրան: Ապա երկու ոտքը կտրուկ ուղղելով, իրանը առաջ թեքելով և ձեռքերով հակառակորդին կտրուկ դեպի իր տակ (ցած) քաշելով, նրան գցում է գորգի վրա:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ իսկ հարձակվողը կմնա ոտքերի վրա կանգնած:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար կքանստել և ձեռքերով հենվելով հակառակորդին՝ նրան ետ հրել:
Հակահնարը: Ետ գցում՝ հարձակվողի իրանը առջևից բռնելով: