Շիրակի կոխ: Հնար 2: Հակադարձ պոկում
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են՝ երբ հակառակորդը ծալելով ոտքերը, հարձակվողին քաշում է դեպի իրեն: Այդ դրությունը ստեղծելու լավագույն գործողություններն են՝
ա) խաբելով, հակառակորդին ձգել դեպի իրեն, նրան նստեցնելով երկու ոտքերի վրա, այսինքն՝ ստիպել հակառակորդին կիսածալել ծնկները և թեքվել ետ:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ձախով: Աջ ձեռքով բռնել պարանոցը, ձախով՝ տարանուն ձեռքը:
Կատարումը: Բաց թողնելով բռնումը և դառնալով ձախ, հարձակվողը աջ ոտքով մի մեծ քայլ է կատարում դեպի հակառակորդի մեջքը և արագ բռնում նրա շալվարից (համանուն ազդրի ետևի մասում՝ դրսից): Ապա երկու ձեռքով կտրուկ շարժումով դեպի ձախ, վեր՝ գետնում է հակառակորդին, միաժամանակ աջ ոտքը դնելով ծնկի վրա:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ հարձակվողի աջ ոտքի մոտ, իսկ վերջինս՝ վարժակցի աջ կողմից նրա վրա:
Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է իրանը թեքել առաջ և ձախ ոտնաթաթի երեսով հենվել հակառակորդի նույնանուն ոտքին՝ ներսից:
Հակահնարները՝ ա) փաթաթում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքը և պարանոցը, բ) կառչում թաթով ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքը և պարանոցը: