Շիրակի կոխ: Հնար 7: Շրջում վերկանգով
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) հարձակվելով բարձր կանգնվածքում, ձախ ոտքով քայլ է անում դեպի առաջ, բ) ուղղվելով ընդունում է բարձր կանգնվածք:
Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) կեղծ հրումների միջոցով ստիպել հակառակորդին դիմելու ակտիվ գործողության, բ) ստիպել հակառակորդին թեքվել առաջ, այդ կհարկադրի նրան որպես պատասխան, ուղղել մարմինը:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, պաշտպանվողը՝ ձախով: Աջ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, ձախով՝ տարանուն թևը:
Կատարումը: Իրանը կտրուկ թեքելով առաջ՝ հարձակվողը ձախ ոտքով անում է մի քայլ առաջ և գլուխը անցկացնելով հակառակորդի աջ ուսի տակ, ձախ նախաբազուկով ներսից բռնում է նրա տարանուն ազդրը: Հետո աջ ոտքը ձախին մոտեցնելով, ոտքերի, ձեռքերի կտրուկ ճիգով և մեջքը արտակորելով, նրան պոկում է գորգից ու բարձրացնելով վեր՝ շրջում է նրան այնպես, որ գլուխը գնա դեպի աջ՝ ցած, իսկ ոտքերը՝ ձախ՝ վեր: Ապա աջ ոտքով մեկ քայլ ետ կատարելով ծնկի է գալիս և, հակառակորդին գլխով ցած իր աջ ոտքի մոտ իջեցնելով, նրա մեջքը գորգին է սեղմում:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողի աջ ոտքի մոտ, իսկ վերջինս սկզբում կչոքի իր աջ ծնկին, իսկ ապա, աջ կողքով կընկնի հակառակորդի կրծքի վրա:
Պաշտպանությունը՝ ա) պաշտպանվելու համար պետք է ձեռքերով հենվել հարձակվողի իրանին, թեքվել առաջ և, ետ տանելով աջ ոտքը, թույլ չտալ հարձակվողին բռնել աջ ազդրը, բ) եթե հարձակվողին հաջողվել է բռնել և բարձրացնել պաշտպանվողի ոտքը, ապա պետք է աջ ոտնաթաթի երեսով ներսից հենվել հակառակորդի ձախ սրունքին:
Հակահնարը: Խփում թաթով՝ բռնելով տարանուն ձեռքերը: