Գորգի վրա

1956թ. հունիսին Հայաստանում անցկացվում է հանրապետական առաջին սպարտակիադան, որին մասնակցում են տարբեր մարզական ակումբների տասնյակ մարզիկներ: Մենք կներկայացնենք հայկական սպորտային թերթերում հրապարակված տեղեկություններն ու լուսանկարն սպորտային այդ միջոցառման մասին: Հոդվածները հրապարակում ենք մասնակի կրճատումներով և անհրաժեշտ խմբագրությամբ:

Երկու օր տևեցին դասական ըմբշամարտի մրցումները: Հանրապետության չեմպիոնի բարձր կոչմանն արժանանալու համար պայքարի էին դուրս եկել Երևանի, Լենինականի և Կիրովականի 32 ըմբիշներ՝ սպորտի վարպետներ, առաջին և երկրորդ կարգայիններ:

Մրցումների հենց առաջին արդյունքները ցույց տվեցին, որ հանրապետությունում աճում է ըմբիշների խոստումնալից մի նոր սերունդ: …Գորգի վրա են դասական ըմբշամարտի կիսամիջին քաշի ըմբիշներ սպորտի վարպետ, հանրապետության 1955թ. չեմպիոն և Միության նախկին չեմպիոն Ռ. Վարդանյանը և Լենինականի ներկայացուցիչ՝ առաջին կարգի ըմբիշ Գ. Մխիթարյանը, ով հաղթում է անվանի ըմբիշ Ռ. Վարդանյանին և ապահովում հանրապետության չեմպիոնի բարձր կոչում:

Իր թիմին հաղթանակ բերեց նաև Լենինականի ներկայացուցիչ Հ. Խաչատրյանը: Նա միավորներով հաղթեց Երևանի առաջին թիմի մասնակից Ս. Համբարձումյանին:

Իրենց քաշային կարգերում գոտեմարտելու բարձր ցուցանիշներ նվաճեցին Հ. Հակոբյանը, Ա. Մնացականյանը, Ա. Ասատրյանը, Հ. Խաչիկյանը, Գ. Բալթայանը, Ա. Աբրահամյանը և Հ. Խաչատրյանը, որոնց շնորհվեց ըմբշամարտի գծով հանրապետության չեմպիոնի կոչում:

Թիմային առաջնությունը նվաճեցին Երևանի առաջին խմբի մարզիկները:

* * *

Ազատ ոճի մրցումներում լավ արդյունքներ ցույց տվեցին Աշտարակի, Ախուրյանի, Արտաշատի, Ստեփանավանի, Իջևանի և Ղափանի հավաքական թիմերը: Փնջերում հաղթողների հանդիպումները Համահայաստանյան սպարտակիադայում սկսեցին թեթև քաշի ըմբիշները՝ Իջևանի թիմի մասնակից Ա. Թովմասյանը և Ախուրյանի թիմի ներկայացուցիչ Ֆ. Հարությունյանը: Ա. Թովմասյանը մարտի նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը, և երկու րոպե ժամանակում «մաքուր» հաղթանակ է տանում երրորդ կարգային Ֆ. Հարությունյանի դեմ:

Համառ պայքար ծավալվեց ըմբիշներ Պետրոսյանի (Արտաշատ) և Թադևոսյանի (Իջևան) միջև: Միավորների աննշան առավելությամբ հաղթանակը տրվեց Պետրոսյանին:

Իրենց քաշային կարգերում հանրապետության չեմպիոնի կոչում նվաճեցին Ս. Մկրտչյանը (Երևան), Ս. Ավետյանը (Կիրովական), Բ. Շաքարյանը (Լենինական), Ն. Մուշեղյանը (Երևան), Գ. Շեկոյանը (Կիրովական), Լ. Հակոբյանը (Լենինական), Գ. Հարությունյանը (Երևան) և Ա. Ջրաղացպանյանը (Կիրովական):

Առաջին խմբում թիմային առաջնությունը շնորհվեց Երևանի երկրորդ թիմին: Հաջորդ տեղերը շահեցին Կիրովականի, Լենինականի և Երևանի առաջին թիմերը: Երկրորդ խմբում թիմային առաջնությունը նվաճեցին Աշտարակի մարզիկները:

Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 28 հունիսի, 1956թ., թիվ 2

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *