Բռնցքամարտ
Հանրապետական առաջին սպարտակիադայում բռնցքամարտիկների հաջողությունների մասին է պատմում ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Է. Արիստակեսյանը
Բռնցքամարտի մրցումներին առաջին խմբից մասնակցեցին Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի և Կիրովականի թիմերը, երկրորդ խմբից՝ հանրապետության շրջանների թիմերը:
Գոհացուցիչ է, որ մեր փորձված և հայտնի բռնցքամարտիկների կողքին հանդես եկան այնպիսի շնորհալի երիտասարդ մարզիկներ, ովքեր իրենց տեխնիկայով, ճկունությամբ և մարտունակությամբ ետ չէին մնում վարպետներից: Գոհացուցիչ էին նաև երկրորդ խմբի երիտասարդ բռնցքամարտիկների հաջողությունները: Մրցումները մեզ համոզեցին, որ մենք մեր շրջաններում ունենք շատ շնորհալի կադրեր: Միայն անհրաժեշտ է ավելի լրջորեն պարապել նրանց հետ, և մենք կունենանք վարպետներին փոխարինող հիանալի մարզիկներ:
Մրցումներում թիմային առաջնությունը նվաճեց Երևանի առաջին թիմը, երկրորդ տեղը գրավեց Երևանի 2-րդ թիմը, երրորդը՝ Լենինականի, չորրորդը՝ Կիրովականի թիմը:
Առաջին խմբից իրենց քաշային կարգում հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանացան՝ Հ. Գասպարյանը, Հ. Սարգսյանը, Ն. Կարապետյանը, Հ, Գևորգյանը, Վլ. Ենգիբարյանը, Ռ. Մարտիրոսյանը, Կ. Ջաներյանը, Կ. Թովմասյանը, Ժ. Հովհաննիսյանը և Վ. Ուդալովը:
Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 28 հունիսի, 1956թ., թիվ 2